«Երիտասարդ բնապահպան» անվանակարգում հաղթել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բնապահպան Դիանա Եղյանը

14-12-2018

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլում, համաժողովրդական առաջադրման և քվեարկության արդյունքում «Երիտասարդ բնապահպան» անվանակարգում ընտրվել էին Դիանա Եղյանի, Կարեն Էրոյանի, Վազգեն Գալստյանի թեկնածությունները։ Դեկտեմբերի 13-ին կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ անցկացված քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել թափառող կենդանիների պաշտպանության ուղղությամբ գործունեություն ծավալող, անտուն և խեղված կատուների ապաստարան հիմնած բնապահպան Դիանա Եղյանը։
Բնապահպանության նախարարության անունից շնորհավորելով հաղթողին՝ նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը Դիանա Եղյանին է հանձնել մրցանակը ու ՀՀ կարմիր գրքերը և նշել, որ երիտասարդ սերունդն սկսել է ավելի շատ հետաքրքրվել հայրենի բնաշխարհի պահպանության խնդիրներով, ինչը հայրենասիրության մակարդակի բարձրացման մասին է խոսում։
Միջոցառման ժամանակ մրցանակներ են հանձնվել նաև երիտասարդ գյուղատնտես, գիտնական, մշակութային գործիչ, հայրենիքի պաշտպան, աշխատող, մարզիկ, հայրենադարձ և գործարար անվանակարգերում։

<
>