Բնապահպանության ոլորտում տարվող քաղաքականությունն արմատապես փոխվել է

23-11-2018

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հանդես է եկել  վերջին 6 ամսում ոլորտում տարվող քաղաքականության հիմնական ուղղությունների, մեկնարկած բարեփոխումների, ընթացող և հեռանկարային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությամբ։ Հանդիպմանը հրավիրված էին բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ 
Անդրադառնալով ոլորտում տարվող քաղաքականության հիմնական սկզբունքներին՝ նախարարի պաշտոնակատարն առանձնացրել է փոխհատուցման փոխարեն՝ կանխարգելման մեխանիզմի ներդրումը։
Էրիկ Գրիգորյանը նշել է, որ 6 ամսվա ընթացքում հատուկ պահպանվող տարածքներում միջինը 40%-ով, որոշ տեղերում մինչև 100%-ով բարձրացվել է աշխատավարձերը, տեխնիկական վերազինում իրականացվել, արևային կայաններ և առցանց հսկման համակարգեր են տեղադրվել։ 
Բնապահպանության նախարարության և նրա ներքո գործող կազմակերպությունների լուսավորության համակարգերն ամբողջությամբ փոխարինվել են ԼԵԴ էլեկտրախնայող լամպերով։ 
Երկու տասնյակ  պահպանության և հակահրդեհային մեքենաներ են տրամադրվել համակարգի ներքո գործող կազմակերպություններին։ Տեխնիկապես վերազինվել են նաև  Մոնիթորինգի կենտրոնը, Զվարթնոց ՓԲԸ-ն։ Կարողությունների զարգացմանն ուղղված վերոհիշյալ բոլոր միջոցառումներն իրականացվել են դրամաշնորհների և խնայողությունների հաշվին։
Էրիկ Գրիգորյանը նշել է, որ արմատապես փոխվել է փորձաքննական համակարգը․ այն չիրականացնելու դեպքում սահմանված տույժերը էականորեն բարձրացվելու են, մինչև օրենսդրական լիարժեք կարգավորումներ տալը, դրամաշնորհային ծրագրով վարձվել են միջազգային որակավորում ունեցող փորձագետներ, և առանց վերջիններիս կարծիքի փորձաքննական եզրակացություն չի տրվում։ 
Բանախոսը կատարված աշխատանքներից առանձնացրել է նախարարության կողմից առաջին անգամ իրականացված պոչամբարների ամբողջական գույքագրումը, հանքավայրերի ազդեցությունների մոնիթորինգի համակարգի ներդնումը։ Վերջինով ձեռնարկողներին պարտադրվել է արտոնագրված լաբորատորիաների միջոցով իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգ  և հրապարակել։ 
 ՀՀ և ԵՄ և Ատոմային Էներգիայի Եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում օրենսդրական մոտարկման ուղղությամբ բնապահպանության նախարարության կողմից իրականացված միջոցառումների շրջանակներում մշակվել է համաձայնագրից բխող միջոցառումների ճանապարհային քարտեզ, որում ներառվել են մոտ 30 ԵՄ հրահանգների հետ մոտարկման 97 միջոցառում, որը ԵՄ գործընկերների կողմից հավանության արժանանալուց հետո օրինակելի ձև է դարձել այլ գերատեսչությունների համար։
Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ներկայում նախարարության ներքո իրականացվում է 78 մլն ԱՄՆ դոլարի միջազգային դրամաշնորհային ծրագրեր։ 
Վերոհիշյալ ծրագրերից Գերմանական զարգացման բանկի (KfW) կողմից հաստատված 23.2 մլն եվրո կենսաբազմազանության պահպանությանն ուղղված դրամաշնորհի շրջանակներում հնարավորություն կլինի անդրադառնալ Նորքի անտառին և  և Հրազդանի ձորի անտառների վերականգնմանը, ինչը կարևոր է մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի համար։
Անդրադառնալով ջրային ռեսուրսների կառավարման խնդրին՝ Է․ Գրիգորյանը հայտնել է, որ գործակալության կողմից իրականացված  զննությունների արդյունքում, 259 ջրօգտագործողի մոտ  հայտնաբերվել են խախտումներ և դրանք սահմանված կարգով ուղարկվել են  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
Նախարարության կողմից 27 մետաղական հանքավայրում կատարված ուսումնասիրությունների արդյունքում 7-ում արձանագրվել են փորձաքննական եզրակացություն ստացած նախագծային   փաստաթղթերի պահանջների շեղումներ։ Իրականացված միջոցառումների արդյունքում ռեկուլտիվացիոն հիմնադրամ վճարվող գումարներն աճել են 66 անգամ։
Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է նաև Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի վերաբերյալ իրականացված աշխատանքներին և տեղեկացրել, որ մի քանի փուլով տարված բազմակողմանի միջոցառումների արդյունքում ներկայում մրցույթ է հայտարարված՝ միջազգային ընկերության ներգրավման նպատակով, ինչի արդյունքում կառավարությունն ավելի լիարժեք տեղեկատվություն կունենա շրջակա միջավայրի հիմնական բաղադրիչների վրա Ամուլսարի ազդեցության վերաբերյալ։
Վերջին կես տարվա ընթացքում  իրականացված և հիշատակման արժանի միջոցառումներից բնապահպանության նախարարի պաշտոնակատարն առանձնացրել է Հայաստանում առաջին անգամ Արարատ համայնքի աղբավայրում կենցաղային թափոնների տեսակավորման ենթակառուցվածքների ստեղծումը, Էլեկտրոմոբիլների ներկրումը խթանելու և մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, ինչպես նաև 2019թ-ը Կովկասյան ընձառյուծի տարի հայտարարելու որոշման նախագծերը։
   Էրիկ Գրիգորյանը պատասխանել է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։ Հանդիպման ավարտից հետո Բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամները բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրենց բողոքն ու մտահոգությունն են արտահայտել և, Դեբեդ գետի տիղմը ու Տանձուտի չշահագործվող հանքավայրի տարածքից վերցված դրեժանային ջուրը փոխանցելով նախարարի պաշտոնակատարին, լքել են շենքը։ 

<
>