Կանաչ կլիմայական հիմնադրամի հրավիրած կոնֆերանսում քննարկվել են զարգացող երկրներին աջակցելու մեխանիզմները

18-10-2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Կորեայի Հանրապետության Ինչեոն քաղաքում կայացած Կանաչ կլիմայական հիմնադրամի Ազգային մարմինների կոնֆերանսին:
Նախարարը  կոնֆերանսի ընթացքում ունեցած իր ելույթներում անդրադարձել է կլիմայի փոփոխության հետ կապված՝ Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին, նշել, որ Հայաստանը կլիմայի  խոցելիության տեսանկյունից Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ECA) տարածաշրջանում զբաղեցնում  է 4-րդ տեղը, ինչը պայմանավորված է լեռնային փխրուն էկոհամակարգի զգայունությամբ, նրա վրա կլիմայական փոփոխությունների բարձր ազդեցությամբ և հարմարվողականության  կարողությունների պակասով։ Մեղմման միջոցառումների շրջանակներում Հայաստանը նախատեսում է մինչև 2050-թվականը կրկնապատկել անտառապատ տարածքները։ Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է միավորել ֆինանսական և գործընկերային գործիքակազմերը՝ մասնավորապես կանաչ մասնավոր ներդրումները և բնապահպանության նախարարության մշակած կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմը։
Նախարար Էրիկ Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայական հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի գործադիր խորհրդին Հայաստանի անդամակցության, Հայաստանում Կանաչ կլիմայական հիմնադրամի տարածաշրջանային հանդիպման անցկացման հնարավորությունները, ինչպես նաև Հիմնադրամի կողմից երկրներին նախատեսվող ամենամյա հատկացումները միջնաժամկետ տրամադրման՝ նախարարի առաջարկը։

<
>