<<Պատանի բնասեր>> ակումբի աշակերտներն էկոկրթական միջոցառման են մասնակցել <<Դիլիջան>> ազգային պարկում

05-10-2018

Բնապահպանության նախարարությունը ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի հետ համատեղ` նախարարության հովանու ներքո ձևավորված <<Պատանի բնասեր>> ակումբում ընդգրկված դպրոցների աշակերտների համար կազմակերպել է էկոկրթական դասընթաց և ճանաչողական այց <<Դիլիջան>>  ազգային պարկում։ Դասընթացին մասնակցել են 5 դպրոցի՝ Դանիել Վարուժանի անվան N 89 հիմնական, Ջոն Կիրակոսյանի անվան N 20, Հայ կրթություն կրթական հիմնադրամի, <<Ուսում>> հանրակրթական դպրոցների և Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի 65 աշակերտ։ Նախարարության Էկոկրթության բաժնի, կենսառեսուրսների կառավարման գործակալության, Կլիմայի փոփոխության ծրագրի, <<Դիլիջան>> աղգային պարկի գիտական և էկոտուրիզմի ստորաբաժանումների մասնագետները դպրոցականներին գիտելիքներ են փոխանցել կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման գործընթացներում ԲՀՊՏ-ների դերի ու նշանակության,  կլիմայի փոփոխության և անապատացման հիմնահարցերի, Դիլիջան աղգային պարկի բուսական, կենդանական աշխարհի, տեղի էնդեմիկ, հազվագյուտ բուսատեսակների ու կենդանատեսակների, նրանց պահպանության և էկոզբոսաշրջության վերաբերյալ: 
Բաց դասի ավարտից հետո <<Դիլիջան>> ազգային պարկի աշխատակիցների ուղեկցությամբ դպրոցականներն այցելել են եղջերուների բազմացման կենտրոն, Պարզ լճի տարածքում գործող էկոարահետ, որտեղ նրանց ծանոթացրել են Դիլիջանի անտառներից վերացած ազնվացեղ եղջերուի վերականգնման ծրագրին, ինչպես նաև էկոզբոսաշրջության` շրջակա միջավայրի մասին իրազեկվածության բարձրացմանը նպաստելու գործընթացին։

Միջոցառման շրջանակներում բնապահպանության նախարարության կողմից Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցին է հանձնվել  նաև ՀՀ կենդանիների և բույսերի կարմիր գիրք՝ համայնքում հետևողականորեն դպրոցական բնապահպանական միջոցառումներ կազմակերպելու և էկոլոգիական կրթությանը հատուկ ուշադրություն դարձնելու համար։ 
 

<
>