«Կանաչ նախաձեռնություններ»-ը ձևավորում են կանաչ մտածողություն

18-09-2018

    Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել «էկոտաղավար»-ի բացման պաշտոնական արարողությունը, որով ազդարարվել է «Կանաչ նախաձեռնություններ»  արշավի մեկնարկը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Կանաչ նախաձեռնություններ» արշավն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում` ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո։
«Կանաչ նախաձեռնություններ» ծրագիրը նպաստում է հանրության մեջ կանաչ մտածողության ձևավորմանը, մարդկանց  վարքագծի փոփոխությանը։ Այսօվանից Բնապահպանության նախարարության պահպանվող տարածքները, ՊՈԱԿ-ները, տարածքային ստորաբաժանումներն անցնելու են  ԼԵԴ լուսավորության համակարգին, որի շնորհիվ կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները, ինչպես նաև կխնայվեն  Բնապահպանության նախարարության բոլոր կառույցներում լուսավորության համար պետբյուջեից վճարվող միջոցները», - նշել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։  
Մեկ շաբաթ շարունակ (սեպտեմբեր 18-25-ը) քաղաքի կենտրոնում տեղակայված կլինի բնապահպանական կենցաղը ներկայացնող էկոտաղավարը, որտեղ կարելի է տեսնել վերաօգտագործված պլաստիկից պատրաստված կահույք և կենցաղային իրեր, արևային վահանակից վերալիցքավորել բջջային հեռախոսներ։ 
«Կանաչ տաղավարը» տեղակայաված է Հյուսիսային պողոտայի ցայտաղբյուրների հարակից տարածքում:
«Կանաչ նախաձեռնություններ» միջոցառումների շրջանակներում Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել նաև տարածքային ստորաբաժանումներին ԼԵԴ լամպերի և համապատասխան հավաստագրերի հանձնման արարողությունը։

<
>