ԲՆ ստորաբաժանումները մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա միջոցառումներին

17-09-2018

Ս․թ․ սեպտեմբերի 15-ին բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցները Համաշխարհային մաքրության օրվա շրջանակներում <<Կարմիր բլուր>> հնավայրի հարակից այգում իրականացրել են մաքրման աշխատանքներ: Մաքրման աշխատանքներ են իրարանացվել նաև Հայաստանի բոլոր մարզերում առկա բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառտնտեսություններում՝ նախարարության առանձնացված և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից: Միջոցառմանը միացել են նաև  միջազգային կազմակերպությունները:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել են <<Կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի <<Շիկահող>> պետական արգելոցի և <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի տարածքային ստորաբաժանումների տարածքներ։ Նրանք մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա շրջանակներում Սյունիքի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացրած միջոցառումներին։ Շիկահողի Սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցու հարակից տարածքի մաքրման աշխատանքներին միացել են նաև Կապանի հանրակրթական դպրոցների աշակերտները։ Բնապահպանության նախարարը տեղական զանգվածային լրատվության միջոցների օգնությամբ կոչ է արել քաղաքացիներին՝ շրջակա միջավայրը չաղտոտել կենցաղային աղբով, հատկապես մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաներով ու տոպրակներով, որոնց քայքայման համար հարյուրամյակներ են պեետք։
Միջոցառմանը մասնակցել են նաև Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, փոխմարզպետներ Հերմինե Համբարձումյանը և Նարեկ Բաբայանը և Կապանի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը։
Համաշխարհային մաքրության օրը Հայաստանում նախաձեռնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» IDeA հիմնադրամի կամավորների թիմը: 150 երկիր, այդ թվում նաև Հայաստանը միացել էին Համաշխարհային մաքրության օր շարժմանը: