Ծաղկաձորում անցկացվել է պոչամբարների անվտանգության գնահատման վերաբերյալ դասընթաց

13-09-2018

«Աջակցություն Հայաստանում արդյունաբերական կուտակիչ ավազանների՝ պոչամբարների անվտանգության բարելավմանը» ծրագրի շրջանակներում «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2018թ. սեպտեմբերի 3-7-ը  Ծաղկաձորում անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ պոչամբարների անվտանգության գնահատման թեմայով: 
Դասընթացին մասնակցել են Բնապահպանության,  Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների, Արտակարգ իրավիճակների  նախարարությունների, ինչպես նաև շահագրգիռ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներ։ Դասընթացներին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել ոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի մի շարք երկրներից՝ Գերմանիա, Ավստրիա, Շվեդիա, Շվեյցարիա, Հունգարիա, Սերբիա, Ռումինիա, Ուկրաինա, Մոլդովա, Բելոռուսիա, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան: 
Դասընթացը վարել են միջազգային փորձագետները։ Ծրագրի  նպատակն էր  նոր և առաջադեմ մեխանիզմներով վերազինել այս բնագավառում տարբեր լիազորություններ ունեցող մասնագետների գիտելիքները, որի շրջանակներում գործնական ուսումնասիրություններ են իրականացվել նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբարի տարածքում: 
Միջոցառման ընթացքում քննարկվել են պոչամբարների անվտանգության գնահատման, պոչամբարներով պայմանավորված՝  շրջակա միջավայրի դեգրադացիայի և հանքային հումքի կորզումից առաջացող խոշորամասշտաբ թափոնների գոյացման վերաբերյալ հարցեր:
Հայաստանյան պատվիրակության աշխատանքային խմբում էին բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագետներ, այդ թվում՝ Բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ա․ Ավագյանը և թափոնների ու մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության գլխավոր մասնագետ Լ․Ղազարյանը: 
Դասընթացի ավարտին մասնակիցները պարգևատրվել են  համապատասխան հավաստագրերով: 

<
>