Բնապահպանության նախարարի առաջին տեղակալը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման վերաբերյալ խնդիրները

21-08-2018

Բնապահպանության նախարարն օրեր առաջ հայտարարել էր, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու և աղբի կառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանում աստիճանաբար պետք է կրճատվի, այնուհետև արգելվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային փաթեթների և տարաների օգտագործումը։ 
Այս նախաձեռնության շրջանակներում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն օգոստոսի 20-ին հանդիպել է բնապահպանական  գործունեություն ծավալող մոտ 3 տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ։ 
       Ողջունելով ներկաներին  նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է, թե ինչ փուլում է գտնվում  բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնած այս գործընթացը։ «Մենք սկսել ենք մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման ռազմավարության երկրորդ փուլը, որն իր մեջ ներառում է համապատասխան իրավական ակտերի մշակում։ Քննարկման փուլում են առևտրային օբյեկտներում պոլիէթիլենային փաթեթների համար նվազագույն վճար, հարկ կամ տուրք սահմանելու վերաբերյալ առաջարկություններն իրենց համապատասխան գնագոյացման  հիմանվորումներով»,- նշել է Ի․Ղափլանյանը։
Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների կողմից  ներկայացվել են թղթե տոպրակների, բազմակի օգտագործման բոնուս-կոդերով կտորե տոպրակների և այլընտրանքային այլ տարբերակների առաջարկներ։   Նախարարի առաջին տեղակալը հավելել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այլ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ հրաժարվելու ավելորդ պլաստիկե ապրանքների  օգտագործումից։  Գործընթացին զուգահեռ  սկսվել է նաև իրազեկման բազմաճյուղ միջոցառումների իրականացումը՝ անիմացիոն և ոչ անիմացիոն  սոցիալական գովազդների պատրաստում,  իրազեկման դասընթացների և արշավների նախապատրաստական աշխատանքների ծավալում։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տեղական և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվելիք բնապահպանական ծրագրերը՝ առաջարկելով  բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել պիլոտային ծրագրով ընտրված համայնքի՝ Թալինի  խնդիրների հնարավոր լուծումներին ուղղված միջոցառումներին։


 

<
>