Դեսպանի հետ քննարկվել է չեխական ոչ կառավարական ասոցիացիայի ուսումնասիրությունների ընթացքը

25-07-2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում դեսպանատան աշխատակիցներից բացի եղել են նաև ոչ կառավարական ասոցիացիայի անդամներ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են բնապահպանության ոլորտում հայ-չեխական համագործակցությանը վերաբերող հարցեր։
  Դեսպան Պետր Միկիսկան ներկայացրել է  Հայաստանի հյուսիսում իրականացվող ծրագիրը, ըստ որի լաբորատոր ուսումնասիրություններ են անցկացվել՝  պարզելու հանքշահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, ինչպես նաև նպաստել որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցությանը։
  Նախարար Էրիկ Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում գործող օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք ապահովում են նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումների անցկացումը՝ ապահովելով հասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում։ 
Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան հայտնել է, որ  իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները՝ ամփոփումից հետո կներկայացվեն Հայաստանի բնապահպանական գերատեսչությանը։ Նախարար Գրիգորյանն օգտակար է համարել գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող նման ուսումնասիրությունները, ինչը նպաստում է ոլորտում վարվող  քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։
 

<
>