Բնապահպանության նախարարը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

09-07-2018

   Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Ողջունելով հյուրին՝ նախարար Գրիգորյանը գոհունակությամբ ընդգծել է  բնապահպանության ոլորտում երկու պետությունների միջև առկա արդյունավետ համագործակցության փաստը, որի համատեքստում հիշատակել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ռուսաստանի հետ իրականացված և իրականացվող ծրագրերի հաջողված փորձը։
   Դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել՝ նպաստել ոլորտում համագործակցության էլ ավելի սերտացմանը և այդ նպատակով խնդրել է նախարարին ներկայացնել Բնապահպանության գերատեսչության վարած քաղաքականության հիմնական ուղղությունները։
  Նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, առկա խնդիրներին նաև նորարարական լուծումներ տալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը և ակնկալվող արդյունքները։
   Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շրջակա միջավայրի հարցերի շուրջ համագործակցության հեռանկարներին և կարգավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր։ 
 

<
>