Քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցության ընթացքը և հեռանկարները

14-06-2018

Հունիսի 14-ին նախարար Էրիկ Գրիգորյանի  գլխավորած բնապահպանության նախարարության  պատվիրակությունը  հանդիպել  է  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպի ղեկավարած պատվիրակության հետ: 
Ողջունելով հյուրերին՝ բնապահպանության նախարարը  շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար և հույս հատնել, որ ապագայում այն կլինի շատ ավելի մեծ, արդյունավետ և առարկայական։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել է, որ բնապահպանությունը, որպես կայուն զարգացման հիմնական բաղադրիչ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում առաջնային նշանակություն ունի։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կանաչ կլիմայական հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին և հիմնադրամից լրացուցիչ դրամաշնորհային միջոցներ ներգրավելու հնարավորությունների, անտառային բարեփոխումների՝ մասնավորապես տարածքների քարտեզագրման և կադաստրային վկայականների ստացման գործընթացում համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը խոսել են նաև պլաստիկ թափոնների և դրանց արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի և միջոցառումների մասին։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպն առաջարկել է հրավիրել դոնոր կազմակերպությունների հանդիպում՝ բնապահպանության ոլորտում ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու և կրկնություններից խուսափելու համար։ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը դրական արձագանքելով առաջարկին, իր հերթին կարևորել է հասարակական կազմակերպությունների լիարժեք ներգրավվումը  ընթացիկ և իրականացվող ծրագրերում և այդ նպատակով առաջնային համարել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով անցկացվող մրցութային գործընթացների մասին իրազեկման խթանումը։
Հանդիպման ավարտին կողմերը կրկին հավաստել են համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը և նախանշել այդ ուղղությամբ կատարվելիք գործնական քայլերը: 

<
>