Գերմանական կազմակերպությունների հետ բնապահպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնվում է

30-05-2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քարսթեն Շուլցի գլխավորած պատվիրակությանը։ 
Ողջունելով ծրագրի թիմի անդամներին՝ Էրիկ Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի կառավարության  հետ բնապահպանության ոլորտում ունեցած համագործակցության արդյունավետ փորձը և համոզմունք հայտնել, որ այն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի և նոր իրատեսական ծրագրերով կնպաստի Հայաստանի զարգացմանը։ 
Կողմերը քննարկել են Հայաստն-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի բնապահպանական ոլորտը կարգավորող օրենսդրությունը Եվրամիության օրենսդրության հետ համադրելու նպատակով գերմանական կողմից իրավական աջակցություն տրամադրելու հնարավորությունները։ 
 Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԿԻԿ ծրագրի շրջանակներում արդեն մշակված համակարգերը Հայաստանում մեկնարկած անտառային ոլորտի բարեփոխումների գործընթացներում օգտագործելու հնարավորություններին, ինչպես նաև ծրագրի հետ համագործակցությունն ավելի օպերատիվ և արդյունավետ դարձնելու մեխանիզմներին վերաբերող  հարցեր:
Հանդիպման ավարտին Քարսթեն Շուլցը տեղեկացրել է, որ ավարտում է իր առաքելությունը Հայաստանում և առաջիկայում իրեն կփոխարինի ծրագրի նոր ղեկավարը։ Նախարար Էրիկ Գրիգորյանը հաջողություններ է մաղթել նրան հետագա գործունեության մեջ և համոզմունք հայտնել, որ Քարսթեն Շուլցն էլ կհամալրի այստեղ գործունեություն ծավալած  բազմաթիվ օտարերկրյա մասնագետների շարքը, որոնք վերադառնալով հայրենիք՝ այնտեղ ստանձնել են Հայաստանի <<դեսպանի>> առաքելությունը։ 
 

<
>