ՀՀ բնապահպանության նախարարն հանդիպել է ԳԴՀ կառավարության, դիվանագիտական կորպուսի և ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

16-05-2018

   ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման և տնտեսական համագործակցության նախարարությունում Հայաստանի Հանրապետության հարցերով ռեֆերենտ Յոհաննես Դոպֆելին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին։ Հանդիպմանը ներկա էին նաև փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ֆիզիկատեխնիկական դաշնային կառույցի ծրագրերի համակարգող Յանին Ֆիշերը, ինչպես նաև հայ-գերմանական ֆինանսական և տեխնիկական համագործակցության շրջանակներում բնապահպանական ծրագրեր ֆինանսավորող և այդ ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

  Ողջունելով հյուրերին՝ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության ու Գերմանիայի կառավարության կողմից տրամադրվող աջակցության համար և կարևորել այն ավելի բարձր մակարդակի վրա դնելու փոխադարձ պատրաստակամությունը: Նախարար Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը համարվում է հարուստ կենսաբազմազանություն ունեցող աշխարհում եզակի տարածաշրջաններից մեկը և այն պահպանելու ուղղությամբ իրականացվում է համալիր միջոցառումներ։ Բնապահպանության նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև անտառային ոլորտում ընթացող և նախատեսվող ծրագրերի մասին՝ շեշտելով, որ այն ՀՀ բնապահպանության նախարարության վարած քաղաքականության առաջնահերթություններից է և ներկայացրել իր ակնկալիքը, որ Գերմանիայի կառավարության կողմից ոլորտին տրամադրվող աջակցության ծավալներն էլ ավելի կմեծանան։

ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար, շնորհավորել Էրիկ Գրիգորյանին՝ բնապահպանության նախարարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հայտնել ոլորտին ավելի մեծ ծավալի աջակցություն ցուցաբերելու Գերմանիայի կառավարության պատրաստակամության մասին։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման և տնտեսական համագործակցության նախարարության ներկայացուցիչ Յոհաննես Դոպֆելն, իր հերթին շնորհավորելով նորանշանակ նախարարին, վերահաստատել է իր երկրի կառավարության հաստատակամությունն աջակցելու Հայաստանի բնապահպանական գերատեսչության կողմից իրականացվող կենսաբազմազանության՝ մասնավորապես անտառային ոլորտի պահպանությանն ուղղված միջոցառումներին։ 
 

<
>