ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Գերմանիայում

02-05-2018


ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որտեղ հանդիպում է ունեցել KfW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Օլաֆ Զիմերկայի գլխավորած պատվիրակության հետ։ Կողմերը քննարկել են կենսաբազմազանության և անտառային ոլորտի զարգացման նպատակով Հայաստանին  23 մլն եվրո  դրամաշնորհ տրամադրելու հարցեր։ Գերմանական KfW բանկը նման մեծ ծավալի բնապահպանական դրամաշնորհի տրամադրման նախադեպ դեռևս չի ունեցել։

Աշխատանքային այցի շրջանակներում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են Կորեայի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին դրամաշնորհ հատկացնելու ժամկետները, որի միջոցով Արարատյան դաշտում կիրականացվի պիլոտային ծրագիր։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանի թվային ռելիեֆի ստեղծման աշխատանքների ֆինանսավորման հնարավորությունները։

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը մասնակցել է Կլիմայի փոփոխության կոնվենցիայի հերթական կոնֆերանսի բացման արարողությանը։  

Հայտնում ենք նաև, որ Կոնվենցիայի շրջանակներում Հայաստանին տրամադրվել է լրացուցիչ 3 մլն ԱՄՆ դոլար՝ Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային ծրագիրը մշակելու նպատակով։

<
>