Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին

05-04-2018

   Ապրիլի 5-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ:  Հանդիպմանը մասնակցել են ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը, տեղակալ Ռուբեն Պետրոսյանը, ՀՀ ԲՆ ‹‹Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»  պետական հիմնարկի տնօրեն Մերուժան Գալստյանը, ՀՀ ԲՆ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը:   Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի անտառների կառավարման և վերականգնման ծրագրին վերաբերող հարցեր:
    Նախարար Մինասյանը ողջունել է ՊԳԿ-ի հետ համագործակցությունը, նշել, որ մեծ են ակնկալիքները, որոնք իրականացվում են  անտառային բարեփոխումների ոլորտում և ՊԳԿ-ի հետ համատեղ արդյունավետ աշխատանքի շարունակականությունը կարող է երաշխիք լինել   լավագույն արդյունքների հասնելու համար: 
     Ռայմունդ Յելեն  իր գոհունակությունն է հայտնել ծրագրի շուրջ ՀՀ բնապահպանության նախարարության հետ աշխատանքից: ՊԳԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ հետևողական աշխատանքի շնորհիվ Կանաչ Կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմանը ներկայացված  ‹‹Հայաստանի անտառների կայունությունը՝ հարմարվողականության խթանման և գյուղական  կանաչ աճի մեղմման միջոցով» հայտը կլրամշակվի, ներառելով նախարարության ներկայացրած առաջարկները: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ԲՆ ԲԾԻԳ-ի և  ծրագրի իրականացման համար փորձագետների կարողությունների հզորացմանը, անտառային պահպանության ռեժիմին, համայնքային ռեսուրսների ճիշտ կառավարմանն ու էկոկրթությանը վերաբերող հարցեր: Ավարտին կողմերը կրկին վերահաստատել են արդյունավետ և բարձր մակարդակով համատեղ աշխատանքների շարունակականությանն ուղղված իրենց պատրաստակամությունը:
    

<
>