Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

Գնահատվել են «Պատանի բնասեր» ակումբի դպրոցների աշակերտների էկոլոգիական գիտելիքները

07-03-2018

ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ձևավորված «Պատանի բնասեր» ակումբում մեկնարկել է էկոկրթական միջոցառումների 2-րդ փուլը, որի  շրջանակներում կազմակերպվել է մրցույթ ակումբի անդամ՝ Դ. Վարուժանի անվան թիվ 89 հիմնական, «Ուսում» հանրակրթական և «Հայ կրթություն»  կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցների սաների միջև։ Մրցույթի նպատակն էր գնահատել էկոակումբի անդամների՝ վայրի բնության, շրջակա միջավայրի, բնապահպանական խնդիրների վերաբերյալ մինչ այդ ստացած գիտելիքները։ Մրցույթն անց է կացվել հարցաշարերի միջոցով։ Հարցաշարերում ընդգրկվել է հարցերի  այն շրջանակը, որի վերաբերյալ աշակերտների հետ ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետները պարբերաբար անց էին կացրել էկոկրթական դասընթացներ։
 ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել դպրոցականներին՝ մասնակցության և դպրոցների ուսուցչական կազմին՝ Էկոակումբի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին աշակերտների ակտիվ մասնակցությունն ապահովելու համար։ «Չափազանց կարևոր է, որ դուք ձեր շրջապատում գրագետ և հավուր պատշաճի ներկայացնեք բնությունը պահպանելու կարևորությունը։ Բնությունը պահպանելով՝ մարդը պահպանում է առաջին հերթին իրեն, իր զավակներին, մեր սերունդներին։ Որքան շրջակա միջավայրը լինի մաքուր և պահպանված, այնքան մենք զարգանալու իրական հնարավորություն ունեք»,-դիմելով աշակերտներին՝ նշել է բնապահպանության նախարարը և ցանկություն հայտնել, որ ապագայում, անկախ նախընտրած հիմնական զբաղմունքից, դպրոցականներն իրենց գործունեության մի մասը նվիրեն շրջակա միջավայրի պահպանությանը։
Սկսելով մրցույթի հիմնական փուլը՝ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և էկոկրթության բաժնի պետ Ա. Մուրադյանը կարևորել է  նման միջոցառումների անհրաժեշտությունը  մատաղ սերնդի հետագա դաստիարակության և զարգացման գործում և բացատրել  մրցույթի կանոնները։ 
   Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո ժյուրին հայտարարել է այն 3 հաղթողների անունները, որոնք ճիշտ էին պատասխանել հարցաշարում եղած առավել շատ հարցերի։ Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են  «Ուսում» հանրակրթական դպրոցի սաները, իսկ երրորդը՝ «Հայ կրթություն»  կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի աշակերտուհին։ Առաջին տեղը գրաված՝ Գալստյան Շողերին 4-օրյա ամառային արձակուրդի հնարավորություն է ընձեռել  ժյուրիի կազմում ընդգրկված «Հայաստանի ծառատունկ»  բարեգործական հիմնադրամը՝ Մարգահովիտի էկոկրթական կենտրոնի ամառային ճամբարում ։ 2-րդ և 3-րդ տեղեր գրաված աշակերտներին՝ Նանե Ծատուրյանին և Էդիտա Քամալյանին ՀՀ Բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության կենդանիների և բույսերի կարմիր գրքեր։ 
    «Պատանի բնասեր» ակումբի աշխատանքները կրում են շարունակական բնույթ։

<
>