«Երիտասարդ բնապահպան» անվանակարգում հաղթել է «Դինգո» թիմի հիմնադիր և ղեկավար Օվսաննա Հովսեփյանը

22-02-2018

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը  մասնակցել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2017» ծրագրի եզրափակիչ փուլին և պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է 2017թվականի ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով: 
Մրցանակներ են հանձնվել երիտասարդ բնապահպան, գյուղատնտես, գիտնական, մշակութային գործիչ/կոլեկտիվ/, հայրենիքի պաշտպան, աշխատող, մարզիկ, հայրենադարձ և  գործարար անվանակարգերում։
Երիտասարդ բնապահպան անվանակարգում համաժողովրդական առաջադրման  և քվեարկության արդյունքում ընտրվել էին Նարեկ Ադամյանի, Գոռ Գևորգյանի, Օվսաննա Հովսեփյանի թեկնածությունները։ Տեղում կազմակերպված քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել, կենդանիների պաշտպանության բազմաթիվ միջոցառումների կազմակերպիչ, փողոցային շներին օգնելու նպատակով հետևողական միջոցառումներ իրականացնող,  «Դինգո» թիմի հիմնադիր և ղեկավար Օվսաննա Հովսեփյանը։
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, հաղթողին փոխանցելով մրցանակը, իր խոսքում կարևորել է  միջոցառման կազմակերպման գաղափարը և շնորհակալություն հայտնել մրցանակակրին՝ ծավալած գործունեության համար։ Խ Հակոբյանը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը բարձր է գնահատում և մշտապես աջակցում է բնապահպանության՝ մասնավորապես կենդանիների պահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններին և անհատներին։


 

<
>