Բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է  համագործակցության հուշագիր

09-02-2018

 

      Այսօր «Մուլտի գրանդ հյուրանոց» համալիրի կոնֆերանսների դահլիճում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է  համագործակցության հուշագիր։
     Հուշագիրը ստորագրել են բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ 
      Ողջունելով ներկաներին և կարևորելով հուշագրի ստորագրումը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է<<Երևույթն աննախադեպ է և մեր երկրում կարող է ձևավորվել մի մշակույթ, որին, նույնիսկ շատ զարգացած երկրներ կարող են հետևել և կիրառել այն։ Մեր երկիրն իր տարածքով զիջելով այլ երկրներին, կենսաբազմազանության առումով չափազանց մեծ կշիռ ունի։  Չափազանց կարևոր է, որ Հանրապետության Նախագահի հանձնարարականին, այն է՝ շրջակա միջավայրը բարելավելու և բնությունը պահպանելու ծրագրեր իրականացնել, իր դերակատարությունն է առաջադրում հայտնի գործիչ Գագիկ Ծառուկյանը։ Երբ ծանոթանում ես այն գործերին, որ պարոն Ծառուկյանն իրականացրել է այդ ոլորտում, այն ներդրումներին, այն սրտացավ մոտեցումներին և վերաբերմունքին, դրանք վստահություն են ներշնչում, որ այն կարող է դառնալ շատ լավ օրինակ ապագայում մեր այն հայրենակիցների համար, ովքեր ունեն ցանկություն, հնարավորություն, կամ սեր՝ բնության հանդեպ։ Այս նախաձեռնության նպատակը ոչ միայն այն է, որ կարողանանք հանրաճանաչ դարձնել մեր բնության հրաշքներն, այլև առաջին հերթին պահպանել այն>>,- նշել է Ա. Մինասյանը և նկատել, որ համագործակցությունը տեղափոխվում է այնպիսի հարթություն, որտեղ իրավական ակտերով կամրագրվեն բնության հատուկ պահպանվող  տարածքներ, դրանցում կգործեն հստակ կանոններ, որպեսզի ապօրինի որսը, կենդանական և բուսական աշխարհի նկատմամբ ոտնձգությունները բացառվեն։ Բնապահպանության նախարարը համագործակցությունը կարևորել է նաև էկոտուրիզմի զարգացման և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման առումով։
     «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը, շեշտելով ՀՀ բնապահպանության նախարարի հետ արդյունավետ փոխգործակցությունը, հայտնել է, որ համագործակցության հիմնական նպատակը  կենդանական և բուսական աշխարհով հարուստ ավելի շատ տարածքներ պահպանելն է։ Այդ նպատակներին հասնելու համար Հիմնադրամը պատրաստ է աջակցել ցանկացած ծրագրի, իսկ խնդրի լուծման գործընթացում լիարժեք արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ է ջանքերի մեկտեղում։
Հուշագրով նախատեսվող համատեղ գործողությունները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանը և վերականգնմանը, նոր բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմանը, էկոտուրիզմի զարգացմանը և վերահսկողության ուժեղացմանը՝  ներդնելով  տեխնիկական և ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ։
      Հուշագրի կողմերի ուժերով կմշակվեն և կիրագործվեն բնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագրեր, որոնց համար հիմնադրամը կցուցաբերի աջակցություն (այդ թվում` ֆինանսական)։ Այդ ծրագրերի շրջանակներում նախատեսվում է հզորացնել բնապահպանության նախարարության և բնապահպանական վերահսկողություն իրականացնող մարմնի տեխնիկական կարողությունները։ Աշխատանքներ կտարվեն նաև ստեղծվող կամ գործող բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման մեխանիզմների կարողությունների զարգացման ուղղությամբ։
Կողմերը պարբերաբար միմյանց կտեղեկացնեն ծրագրերի մշակման,  իրականացման և մոնիթորինգի վերաբերյալ,  կանցկացնեն հանդիպումներ` քննարկելու համար Հուշագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների կատարման ընթացքն ու ծրագրավորելու համար հետագա անելիքները։
       Որպես համագործակցության առաջին քայլ Հիմնադրամը  բնապահպանության նախարարությանը նվիրեց 10 <<Նիվա>> մակնիշի ավտոմեքենա։

<
>