Վարչապետը ծանոթացել է ՀՀ բնապահպանության նախարարության 2017 թ. գործունեությանը

07-02-2018

 Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ 2017 թ. կառավարության գործունեության ծրագրով նախատեսված 21 միջոցառում իրականացվել է սահմանված ժամկետում, 17-ի վերաբերյալ կա արդեն կառավարության համապատասխան որոշում, 4-ը շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման փուլում են: 9 գերակա խնդիրներից 7-ն իրականացվել է սահմանված ժամկետում, իսկ 2-ի վերաբերյալ ՀՀ կառավարություն են ներկայացվել որոշման նախագծեր: Սահմանված կարգով ընդունվել է նախարարության կողմից մշակված 52 իրավական ակտ: 2017 թ. էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալը 2016 թ. 41,6 տոկոսից հասել է 60 տոկոսի, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը 180 օրից կրճատվել է 50 օրի: Արծվիկ Մինասյանը ներկայացրել է 2017 թ. ՀՀ մակերևութային ջրային օբյեկտների որակի և ՀՀ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի արդյունքները: Սևանա լճի ջրի որակն էական փոփոխության չի ենթարկվել, և արձանագրվել է լուրջ ձեռքբերում՝ թափանցիկությունը 13 մ է հասել. նման ցուցանիշ բնորոշ է եղել մինչև խորհրդային ժամանակաշրջանում ջրի բացթողման սկիզբը: Որոշ տեղերում ռիսկային ցուցանիշներ են գրանցվել: 
  Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ եթե մշտադիտարկումների արդյունքում արձանագրված ցուցանիշները և վիճակագրությունը որոշակի մտահոգիչ ազդակներ են հաղորդում, ապա իրավիճակը փոխելու համար պետք է ընդունվեն համապատասխան գործողություններ իրականացվեն: «Պետք է հստակ որոշել քայլերի հաջորդականությունը, որպեսզի մոնիթորինգն ինքնանպատակ գործընթաց չլինի: Չէ՞ որ մոնիթորինգ իրականացնում ենք, չափում ենք, որ ինչ-որ բան փոխենք»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով բնապահպանության նախարարին տեղեկատվություն ներկայացնել 2014-2017 թթ. մշտադիտարկումների արդյունքների հիման վրա ձեռնարկված քայլերի, միջգերատեսչական աշխատանքի վերաբերյալ:
  Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը զեկուցել է 2017թ. շրջակա միջավայրի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության, դրամաշնորհների և Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին. Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ կնքվել է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի պայմանագրեր, իրականացվում է 22 բնապահպանական Կոնվենցիաների և արձանագրությունների սպասարկում, որոնցից 8-ի վերաբերյալ պարբերաբար ներկայացվում է տեղեկատվություն «GSP+» առևտրային ռեժիմի ընթացիկ դիտանցի շրջանակում: Բանակցություններ են ընթանում Գերմանական զարգացման KfW բանկի կողմից 21.7 մլն եվրո գումարի չափով կենսաբազմազանության և անտառների ոլորտի աջակցման դրամաշնորհի և FAO-ի հետ 28 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի վերաբերյալ, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» աջակցություն է ցուցաբերվել 32 համայնքի, իրականացվում է դրամաշնորհային միջոցները բյուջե ուղղելու գործընթաց, կատարվում է ԵՄ-ՀՀ ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 8 տարում ՀՀ բնապահպանական և կլիմայական 3 տասնյակ կարգավորումների մոտարկում և այլն: 
  Կարևորելով դրամաշնորհների ծախսման արդյունավետության և հասցեականության բարձրացումը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր ծրագիր, այդ թվում՝ դրամաշնորհային, պետք է կիրառական արդյունք տա: Նա հանձնարարել է գույքագրել դրամաշնորհներ տրամադրող առկա ու պոտենցիալ բոլոր գործընկերներին, և առարկայական աշխատել նպատակային համագործակցության զարգացման ուղղությամբ: 
Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է 2017 թ. էկոտուրիզմի ոլորտում ընթացիկ ցուցանիշները և 2018 թ. անելիքները: Զեկուցվել է, որ 2017 թ. ընթացքում բնության հատուկ պահպանվող տարածքներ այցելել է 549128 զբոսաշրջիկ (2016 թ. համեմատ՝ 492244), որի արդյունքում ստացված եկամուտը կազմել է 226,77 մլն դրամ (2016 թ.՝ 179,40 մլն դրամ): Հայաստանի բնության թանգարանում տեղադրվել է Էկոտուրիզմի տեղեկատվական տաղավարը, որը 2018 թ. կհյուրընկալի զբոսաշրջիկներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ զբոսաշրջության զարգացման առումով պետք է ավելի հավակնոտ նպատակ դնել և ավելի լուրջ ցուցանիշների հասնել՝ հաշվի առնելով մեծ ներուժի առկայությունը: Այս համատեքստում վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շարունակել աշխատանքը «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարության մշակման շուրջ, ինչպես նաև ներկայացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի զարգացման ծրագիր:
  Խաչիկ Հակոբյանը տեղեկատվություն է ներկայացրել Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների ոլորտում իրավիճակի և զարգացումների վերաբերյալ. 2017 թ. լուծարվել է 1, կոնսերվացվել է 16 և փականային ռեժիմի է բերվել 150 հորատանցք, ինչի արդյունքում խնայված ջրաքանակը կազմել է շուրջ 4952 լ/վ, որը տարեկան կազմում է շուրջ 156 մլն/խմ: Միայն ձկնաբուծական տնտեսությունների մասով արձանագրվել է 23 տոկոս ջրախնայողություն: 
  Վարչապետին զեկուցվել է նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխությունների մասին: Կարեն Կարապետյանը նշել է, որ նախարարության կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ները, բացի սահմանված գործառույթներից, պետք է նաև բիզնես բաղադրիչ ունենան և եկամտաբերություն ապահովեն. «Ամեն ՊՈԱԿ-ի տնօրեն պետք է իր համար հորիզոն ունենա՝ ինչ է անում. եթե ինքը շուկայում տեղ գրավելու հնարավորություն ու ներուժ ունի, մենք իրեն հստակ ասում ենք, թե որ ուղղությամբ շարժվի», - ասել է կառավարության ղեկավարը: Անդրադառնալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բարեփոխումներին՝ վարչապետը նշել է. «Մենք տրամադրված ենք ու «Հայանտառ»-ն անպայման դարձնելու ենք շահութաբեր, ուժեղ կառույց, ընդ որում՝ շահութաբեր, ուժեղ կառույց դարձնելու դեպքում բնապահպանական որևէ նորմ չի խախտվելու»:

<
>