Խորհրդարանական լսումներ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով

26-01-2018

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունվարի 26-ին տեղի են ունեցել «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, ոլորտի պատասխանատուներ:
Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը նշել է, որ նախորդ գումարման Ազգային ժողովը քննարկել է «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է, սակայն հետո կառավարության կողմից հետ է վերցվել: Նրա խոսքով՝ խնդիրը կրկին արդիական է դարձել ամերիկյան «Մոնսանտո» ընկերության գործունեության, ինչպես նաեւ հասարակության կոմերցիոն եւ գիտական շրջանակներում հակասական տրամադրությունների պատճառով:
Պարոն Գրիգորյանի գնահատմամբ՝ խորհրդարանական լսումների նպատակն է քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկներն ու դիտողությունները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը հիմնական զեկույցում տվյալներ է ներկայացրել «Մոնսանտո» ընկերության գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ այն բանջարաբոստանային մշակաբույսերի քիչ քանակությամբ սերմեր է ներմուծում մեր երկիր. 2017 թվականի տվյալներով շուրջ 125 կգ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում սերմերի շուկան ազատականացված է, չկա որեւէ օրենսդրական ակտ, որը կարգելի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների սերմերի ներմուծումը: 2006 թվականին ընդունվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենք, որը, անմիջականորեն առնչվելով ոլորտին, սահմանում է Հայաստանում իրացվող սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի ու ակտիվ հավելումների անվտանգությանը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող անհրաժեշտ պահանջներ: Ըստ այդ օրենքի՝ հայերենով պետք է լինի նաեւ ԳՁՕ-ի վերաբերյալ նշումը, եթե սննդամթերքի բաղադրության մեջ դրա պարունակությունը 0.9 տոկոսից բարձր է:
Աշոտ Հարությունյանը ներկայացրել է ԳՁՕ-ների ուղղությամբ նախարարության իրականացրած միջոցառումներն ու քայլերը: Գյուղատնտեսության, Առողջապահության եւ Բնապահպանության նախարարությունների պատասխանատուների, ՀԿ ներկայացուցիչների, գիտնականների մասնակցությամբ ստեղծվել է հանձնաժողով՝ ԳՁՕ-ների կիրառման անվտանգ վերահսկողության կարգավորման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Բանախոսը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան վարչություններին հանձնարարվել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկների հիման վրա ստեղծել նախագծի աշխատանքային տարբերակ, որը կներկայացվի հանրությանը եւ լայնորեն կքննարկվի:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ներկայացնելով ոլորտում ՀՀ վավերացրած պայմանագրերը, անդրադարձել է նաեւ նախորդ գումարման խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» նախագծի քննարկման ընթացակարգին: Փոխնախարարը նշել է, որ օրենսդրական կարգավորման հարցում գաղափարական մոտեցումը չի փոխվել, սակայն պետք է ուսումնասիրվեն ԵԱՏՄ ու ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից բխող պարտավորությունները:
Նշվել է, որ մշակվող նախագծով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում ԳՁՕ-ների ստացման, փորձարկման, բազմացման, պահման, ոչնչացման կամ վնասազերծման, ներառյալ արտահանման, ներմուծման եւ անդրսահմանային տեղափոխության հետ կապված հնարավոր անբարենպաստ ազդեցությունից շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության պահպանությանը, կենսանվտանգությանն առնչվող հարաբերությունները՝ հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող վտանգները:
ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանն անդրադարձել է մարդու առողջության վրա ԳՁՕ-ների հնարավոր ազդեցությանը եւ դրա կառավարմանն ուղղված միջազգային մոտեցումներին: Նա ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները ԳՁՕ-ներով սննդամթերքի օգտագործման ռիսկերի վերաբերյալ: Զեկուցողը փաստել է, որ այս պահի դրությամբ Առողջապահության նախարարությունը չունի փաստեր, որ Հայաստանում ԳՁՕ-ների կիրառման հետեւանքով առաջացել են առողջական խնդիրներ: Բանախոսը կարեւորել է ԳՁՕ-ներ պարունակող սննդամթերքի վերաբերյալ պիտակավորման պարտադիր լինելը, ինչպես նաեւ դրա արտահանման ու ներմուծման դեպքում ստուգման փաստաթղթերի առկայությունը:
Հիմնական զեկուցողներին ուղղված հարցերը, ինչպես նաեւ ոլորտի պատասխանատուների ելույթները վերաբերել են մարդու օրգանիզմի վրա գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող սննդամթերքի ազդեցությանը, օգտագործման ռիսկերին, այլ երկրներում դրանց կարգավորմանը, արտադրող երկրներում սպառման ու արտահանման վիճակագրությանը, սպառողների շահերի պաշտպանությանը, այդ մթերքների իրացման հարցում գնային քաղաքականությանը, Հայաստանում այդ բույսերի մշակման ծավալներին: Առաջարկվեց ուսումնասիրել այն երկրների փորձը, ուր արգելվում է դրանց ներմուծումն ու արտադրությունը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին արդյունավետ քննարկումների համար, նշել է, որ լսումների նպատակն էր հասկանալ մեր երկրում այս ոլորտում գործող ընթացակարգերը: Նա կարեւորել է միջազգային փորձի համադրումը Հայաստանի ունեցած հնարավորություններին: Արաիկ Հովհաննիսյանը կարեւորել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը:

Եզրափակիչ ելույթում հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը հավաստիացրել է, որ հանձնաժողովը հետեւողական կլինի հետագա աշխատանքներում՝ հաշվի առնելով, որ քննարկվող հարցը հանրությանն ու հատկապես սպառողների շահերին է վերաբերում:

Հղումը՝ http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=9890&year=2018&month=01&day=26&lang=arm կայքին։

<
>