Օզոնի ազգային կենտրոնը կազմակերպել է 2017 թվականի տարվա ամփոփիչ հանդիպումը

26-12-2017

2017թվականի դեկտեմբերի 22-23-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի կազմակերպված 2017 թվականի տարվա ամփոփիչ և «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում շահագրգիռ կողմերի հանդիպումը:  Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՄԱԶԾ երևանյան գրասենյակից, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից, ՀՀ կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարություններից, ՀՀ բնապահպանության նախարարության Միջազգային համագործակցության, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության, Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչություններից, Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությունից և Հայաստանի սառնարանային ասոցիացիայից:  
Հանդիպման առաջին օրը մեկնարկել է «Օզոնի ազգային կենտրոնի» ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի բացման խոսքով, ապա ներկայացվել են «ՀՔՖԱ-ների  փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի ներդրումային և ոչ-ներդրումային բաղադրիչները: Այնուհետ Ամփոփվել է 2017 թվականին կենտրոնի իրականացրած գործունեությունն` ամփոփումն ըստ ոլորտներ: Հանդիպման առաջին օրը քննարկումն անց է կացվում հարց ու պատասխաններով, որից հետո` երեկոյան մասնակիցները հնարավորություն են ունեցել շարունակել այն ազատ  ձևաչափով, ինչը նպաստել է հաջորդ օրվա թիմային աշխատանքների արդյունավետությանը:  
Դեկտեմբերի 23-ին, հանդիպման երկրորդ օրվա առաջին հատվածում, մասնակիցներին ներկայացվել է Կիգալիի ուղղումը, դրա նպատակները, նախապայմանները  և Հայաստանի դիրքորոշումն այս հարցում: Նոր ծրագրեր, առաջարկներ, գաղափարներ, առկա խնդիրներին լուծման հնարավոր տարբերակներ ներկայացնելու նպատակով մասնակիցներն բաժանվել են ոլորտային փոքր աշխատանքային խմբերի, յուրաքանչյուր խմբի համար ընտրվելով արձանագրող և զեկուցող, ովքեր էլ վերջում իրենց խմբի անունից ներկայացրել են կատարված աշխատանքի ամփոփիչ ելույթներով: Քննարկումների արդյունքում նախանշվել են համագործակցությունների նոր եզրեր:

<
>