ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը հանդիպել է Միացյալ Նահանգների անտառային ծառայության աշխատակիցներին

14-12-2017

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպել է Հայաստան ժամանած Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային նոր խմբի անդամներին` ծառայության գյուղատնտեսության վարչության հրդեհների և ավիացիայի կառավարման գրասենյակի հրդեհների գծով մասնագետ, էկոլոգ Ջեյն Քրոֆտին և ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեին,  որոնց ուղեկցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն: 
Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը` անտառային հրդեհների ժամանակ աջակցություն ցուցաբերելու կոչին  արագ արձագանքելու համար` նախարարի տեղակալը ներկայացրել է ակնկալվող աջակցության հիմնական  ուղղությունները: Խաչիկ Հակոբյանը կարևորել է հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման նպատակով կարողությունների մեծացումը:
Միացյալ Նահանգների անտառային ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեն տեղեկացրել է, որ Հայաստան ժամանած աշխատանքային խմբերը տեղում իրավիճակը գնահատելուց հետո կներկայացնեն հրդեհների կանխարգելման և դրանց դեմ պայքարի առաջարկներ, որոնց մի մասը հնարավոր կլինի իրականացնել պետության միջոցներով, իսկ որոշ մասի համար անհրաժեշտ կլինի արտաքին տեխնիկական աջակցություն:
Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանի անտառածածկ տարածքների ամբողջական կառավարումը հանձնվելու է ՀՀ բնապահպանության նախարարությանը և աղետների դեմ համալիր արդյունավետ գործողություններ իրականացնելու համար կարևորել է  տեղերում հրդեհների կառավարման պլանների մշակումը, տեխնիկական վերազինումը և տեսուչների վերապատրաստումը:

<
>