Քիմիական նյութերի և թափոնների կառավարումն ապահովող օրենսդրական նոր նորմերի մասին տեղեկացվել են տեսուչները

11-12-2017

Երևան քաղաքի Օրհուս կենտրոնում կայացել է  աշխատաժողով, որին մասնակցեցին  ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևան քաղաքի և տարածքային բաժինների տեսուչները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի տեսուչները։ 
Աշխատաժողովը նպատակաուղղված էր տեսուչների  իրազեկության բարձրացմանը՝ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը և քիմիական նյութերի և թափոնների կառավարումն ապահովող  օրենսդրության կատարելագործման նպատակով դրանում կատարված փոփոխություններին ծանոթանալու համար։ 
Աշխատաժողովում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ տիկին Ա. Ալեքսանդրյանը ներկայացրեց «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի,  «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման  և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի, «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի և Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիաների դրույթները և նշեց դրանց կատարման վերաբերյալ տեսչական մարմինների վերահսկողության իրականացման խնդիրները։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց նաև  թափոնների կառավարման ոլորտին վերաբերող՝ 2017 թվականին ընդունված օրենսդրությունը, մասնավորապես ընդերքօգտագործման արդյունքում առաջացող թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող պահանջները։
Առաջարկ եղավ նման իրազեկության բարձրացման խորհրդակցությունները պարբերաբար անցկացնելու վերաբերյալ։

<
>