ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏԸ

30-12-2015

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի տարեկան ամփոփիչ նիստը, որի ընթացքում քննարկվել են նախարարության 2015 թվականի գործունեության հիմնական արդյունքները, Զանգեզուր կենսոլորտային համալիրի ձևավորման խնդիրները, "Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության մասին" ՀՀ օրենքի նախագծի մշակման հարցերը, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի բնապահպանական խնդիրները:

Ակտիվ և շահագրգիռ քննարկումների արդյունքում Կոլեգիան որոշել է հավանություն տալ ՀՀ բնապահպանության նախարարության 2015 թվականի գործունեության հիմնական արդյունքների մասին տարեկան հաշվետվությանը:

Մինչև նիստի մեկնարկը Արամայիս Գրիգորյանը ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության Ստեփանավանի «Սոճուտ» դենտրոպարկ» հիմնարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչին բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար շնորհել է ՀՀ ԲՆ «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ:

Զանգեզուր կենսոլորտային համալիրի ձևավորման հիմնախնդիրների շուրջ քննարկումների ընթացքում առաջարկություններ են հնչել էկոտուրիզմի իրականացման կարողությունների հզորացման, տուրիզմի կանոնակարգման և ենթակառուցվածքների ստեղծման նպատակով էկոտուրիզմին առնչվող գիտա-ճանաչողական բնույթի տեղեկատվական փաթեթի մշակման վերաբերյալ, "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ"-ին հանձնարարվել է այս ուղղությամբ բանակցություններ վարել դոնոր կազմակերպությունների հետ, ինչպես նաև համագործակցել ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի համապատասխան բաժինների հետ:

"Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության մասին" ՀՀ օրենքի նախագծի մշակման շուրջ քննարկումների արդյունքում զեկուցող՝ Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոնի նախագահ Աիդա Իսկոյանին առաջարկվել է ներկայացված հարցը ներառել "Էկոքաղաքականության մասին" ՀՀ օրենքի նախագծում որպես առանձին գլուխ, առանձին քննարկել ՀՀ Օրհուսի կոնվենցիայով պարտավորությունների կատարման միջանկյալ հաշվետվությունը, Կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցը:

Նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է ՀՀ ԲՆ ստորաբաժանումներին համատեղ քննարկել էկոլոգիական տեղեկատվության մատչելիության հետ կապված հարցերը` Օրհուսի կոնվենցիայի և ազգային օրենսդրության համատեքստում։

Անդրադառնալով Փոքր ՀԷԿ-երի բնապահպանական խնդիրներին՝ զեկուցող ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության պետ Հ. Գալստյանն անդրադարձել է ՓՀԷԿ-երի բնապահպանական թողքի, ջրառի քանակոների չափումների և դրանց չափաքանակների պահպանության ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման, ջրընդունիչ հանգույցների վերակառուցման ծրագրերի, գետին բնորոշ ձկնատեսակների միգրացիաների ապահովման, ձկնանցարանների առկայության անհրաժեշտության և այլ հարցերին:

Ակտիվ քննարկումների արդյունքում Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանն առաջարկվել է առաջիկա 3 ամսվա ընթացքում ՓՀԷԿ-եր շահագործող կազմակերպություններին սահմանված կարգով առաջարկություններ տալ առաջնային համարել բնապահպանական թողքի, այնուհետև ջրառի քանակությունների չափումները և դրանց չափաքանակների պահպանությունն ավտոմատ կառավարման համակարգերի ներդրմամբ, ներկայացնել ջրընդունիչ հանգույցների վերակառուցման ծրագրեր, ինչն առկա պատվարների փոխարեն կառաջարկի դրանց վրա լայն խոռոչների բացմամբ լուծելու գետի բնական հունի վերականգնումը, տեղադրել ձկնապաշտպան կառույցներ, Էկոհամակարգին ու ձկնաշխարհին պատճառած վնասը վերականգնել ՓՀԷԿ-ի միջոցներով՝ մասնավորապես վերականգնելով ջրային էկոհամակարգը և գետ բաց թողնելով համապատասխան քանակի ձկներ, ռեկուլտիվացնել դերիվացիոն խողովակաշարեր և այլն:

"Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն" ՊՈԱԿ-ին հանձնարարվել է ՓՀԷԿ-երի կառուցման աշխատանքային նախագծերի բնապահպանական փորձաքննության գործընթացում ուշադրություն դարձնել ձկնանցարանների կառուցվածքներին, ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակների պահպանման միջոցառումներին:

Նիստի ավարտին հաստատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին կից կոլեգիայի 2016 թվականի տարեկան ծրագիրը:

Ամփոփելով նիստը՝ նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհավորել է կոլեգիայի անդամների գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղություն և բեղմնավոր աշխատանք, իսկ նրանց ընտանիքներին` բարեկեցություն:

<
>