Հասարակական խորհրդի նիստում քննարկվել են բնապահպանական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության բարձրացման հարցերը

29-12-2015

ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունքների վերաբերյալ պատասխանատվության մեծացման, «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» հայեցակարգային փաստաթղթին և բնապահպանական ուղղվածության հեռուստահաղորդման հեռարձակմանն առնչվող հարցերը:

Ողջունելով նիստի մասնակիցներին` Խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը Խորհրդի հաստատմանն է ներկայացրել օրակարգը, ինչն ընդունելուց հետո հարցի հեղինակները ներկայացրել են իրենց առաջ քաշած հարցադրումները:

«Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերով կատարված աշխատանքների և ակնկալվող արդյունքների մասով պատասխանատվության բարձրացման հարցը: Բանախոսը հայտնել է, որ իրականացվող դրամաշնորհային բազմաթիվ ծրագրեր կան, որոնց արդյունավետությունը փոքր է և հաճախ դրանց արդյունքներում առկա է անհամապատասխանություն ՀՀ գործող օրենսդրության հետ: Լինում են դեպքեր, երբ ծրագրերն ավարտվելուց, ամփոփվելուց և այն համապատասխան պատասխանատու կառույցներին ուղարկելուց հետո պարզվում է, որ առկա են անհամապատասխանություններ, կամ անճշտություններ, որոնք սակայն հնարավոր չէ շտկել, քանի որ ծրագիրը պաշտոնապես ավարտվել է: Է. Գրիգորյանը բարձրացրել է նաև ծրագրերի արդյունավետության, դրամաշնորհային գումարների նպատակային օգտագործման հարցը:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, նկատելով որ խնդիրն արդիական է, շեշտել է, որ իրականացված դրամաշնորհային ծրագրերում իրոք կան բացեր և դրանք տեսանելի են: Նախարարն առաջարկել է Միջազգային կապերի վարչությանը` այսուհետ ծրագրերի նախնական քննարկման ժամանակ պարտադիր ապահովել համապատասխան մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայությունը:

«Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» հայեցակարգային փաստաթղթի հիմնական դրույթները և ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի հանդիպման 21-րդ նստաշրջանին/COP21/ ընդունված համաձայնագրի հիմնական դրույթները ներկայացրել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը: Բանախոսը ներկայացրել է այն սկզբունքները, որոնք հիմք են հանդիսացել Հայաստանի դիրքորոշումը մշակելու համար, այդ թվում ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման, դրանց կլանիչների ու կուտակիչների զարգացման համար, ինչպես նաև այն օժանդակ մեխանիզմները, այդ թվում` ֆինանսական, տեխնոլոգիական և այլն, որոնք նախատեսված են Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունները կատարելու համար: Անդրադառնալով Փարիզում կայացած կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում ընդունած «Փարիզյան համաձայնագրին»` Ա. Գաբրիելյանը մեկնաբանել է դրա հիմնական դրույթները, դրանք համարել համահունչ Հայաստանի որդեգրած քաղաքականությանն ու դիրքորոշմանը:

Իր ելույթում նախարարն առաջարկել է կլիմայի փոփոխության հետևանքով կանխատեսվող խոցելիությունը հաղթահարելու համար կազմակերպել լայն իրազեկում Հայաստանի ակադեմիական ինստիտուտների ու այլ գիտահետազոտական հաստատությունների շրջանում ու հրավիրել մասնակցելու կլիմայի փոփոխությանը հարմարվելու, ադապտացվելու խնդրի լուծմանը և դրա համար չսպասել, թե երբ ու ինչպես կփոխվի կլիման.«Քանի որ աշխարհում նկատվում է գլոբալ տաքացում և մենք նրա մասն ենք կազմում, ես կարծում եմ ժամանակն է, որ առաջարկություն անենք Գիտությունների ազգային ակադեմիային, գիտական ինստիտուտներին, որպեսզի ջերմաստիճանի 2 աստիճան բարձրացման կանխատեսումով հաշվարկվի, թե որտեղ ինչ խնդիր կարող ենք ունենալ: Ի սկզբանե մտածենք թե ինչ անենք, այլ այս պահից մտածենք, թե իրադարձությունների նման զարգացման դեպքում որ ոլորտում բարդություններ կունենանք: Պետք է այսօրվանից այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվեն, որովհետև` վաղը ուշ կլինի: Օրենսդրական ոլորտում պետք է վերանայումներ արվեն համապատասխան մեխանիզմներ մշակելու համար, որպեսզի մենք կարողանանք այդ մարտահրավերներին դիմակայել»,- հայտարարել է Արամայիս Գրիգորյանը:

«Բնապահպանի ժամանակն է» բնապահպանական հեռուստահաղորդաշարի կազմակերպման հարցը ներկայացրել է «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը: Վերջինս կարևորել է հանրության իրազեկվածության բարձրացումը բնապահպանական խնդիրների լուծման գործում և առաջարկել այդ նպատակով բնապահպանական հաղորդաշար բացել: Նախարար Արամայիս Գրիգորյանը Աշոտ Միրզոյանին առաջարկել է հաղորդաշարի ծրագիրը քննարկման ներկայացնել ՀՀ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ:

Ամփոփելով հասարակական խորհրդի հերթական նիստը` նախարար Արամայիս Գրիգորյանը Խորհրդի անդամներին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` մաղթել խաղաղություն և բեղմնավոր աշխատանք, իսկ նրանց ընտանիքներին` բարեկեցություն:

<
>