ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Աշխատանքային այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԳԴՀ շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Բարբարա Հենդրիքսի և նախարարության ներկայացուցիչների հետ:
Նախարար Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով ՀՀ - ԳԴՀ համագործակցությունը բնապահպանության ոլորտում, հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր ծրագրերի մեկնարկ կդառնա:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները և հեռանկարները՝ մասնավորապես անդրադառնալով Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման և Կլիմայի փոփոխության ոլորտում ծրագրերի իրականացման հեռանկարներին:
Հանդիպման ավարտին նախարար Հենդրիքսը քննարկված հարցերի շուրջ Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գերատեսչությունների միջև համագործակցությունն առավել ակտիվացնելու և նոր մակարդակի հասցնելու վերաբերյալ:
Այցի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված խորհրդարանական երեկո, որին մասնակցել են ԳԴՀ խորհրդարանի, համապատասխան գերատեսչությունների, Գերմանիայում ՀՀ դեսպանության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երեկոյի ընթացքում ողջունելով Գերմանիայի բնության պահպանության միության /NABU/ և Գերմանիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառման բոլոր մասնակիցներին՝ նախարար Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. "Շրջակա միջավայրի պահպանության ոլորտը յուրաքանչյուր պետության և լայն հասարակայնության ուշադրության կենտրոնում է: Երկրագնդի ցանկացած բնակիչ պետք է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերի շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ: Այս ոլորտում կարևորագույն դեր ունի պետությունների կողմից որդեգրված բնապահպանական անվտանգության քաղաքականությունը և պետությունների միջև համագործակցությունը:
Դեռևս 2000 թվականից ՀՀ բնապահպանության նախարարությունը արդյունավետ համագործակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ և ընդգրկված է Գերմանիայի Կառավարության "Կովկասյան նախաձեռնության" գործընթացում: Նախարարությունը մասնակցում է Գերմանիայի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերում և նախաձեռնություններում:
Գերմանիայի աջակցությամբ Հայաստանում իրականացվել և ներկայում էլ իրականացվում են մի շարք խոշոր բնապահպանական ծրագրեր: Եվս մեկ անգամ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության անունից արդյունավետ և շարունակական համագործակցության համար երախտագիտությունս հայտնել Գերմանիայի բնության պահպանության միությանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարությանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերությանը և Գերմանական զարգացման բանկին":
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը ԳԴՀ շարունակվում է:
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց