Բնապահպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

09-02-2015

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Բարձր գնահատելով համագործակցության դրական փորձը և հիմք ընդունելով 2014-ին ՀՀ բնապահպանության նախարարության և Չեխիայի շրջակա միջավայրի նախարարությունների միջև ստորագրված համատեղ հռչակագիրը` կողմերը քննարկել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

Դեսպան Միկիսկան առաջարկել է շարունակել համագործակցությունը վտանգավոր նյութերի և թափոնների համահունչ կառավարման ոլորտում, մասնավորապես, ՆԱՏՕ-ի` «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել ժամկետանց թունաքիմիկատների ոչնչացման հիմնախնդրի լուծման համար տեխնիկական և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում:

Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով այցելության և համագործակցության պատրաստակամության համար, իր կողմից հույս է հայտնել, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների համատեղ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունները բազում նոր ծրագրերի հիմքն են լինելու:

Այս համատեքստում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման, մթնոլորտային օդի պահպանության, հողերի պահպանության և ռեկուլտիվացման, Հայաստանում էկոտուրիզմի զարգացման, ԲՀՊՏ-ների արդյունավետ և կայուն կառավարման ոլորտներում:

Երկու երկրների բնապահպանական գերատեսչությունների ստորագրած համատեղ հռչակագրի շրջանակներում շարունակվելու է համագործակցությունը «Դիլիջան» և «Կրկնոշ» ազգային պարկերի միջև:

<
>