ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ

22-05-2014

Սիրելի հայրենակիցներ,

Կենսաբազմազանության միջազգային օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է 2001 թվականից:

Օրվա խորհուրդն է մարդկանց ուշադրությունը հրավիրել մոլորակի ֆլորայի եւ ֆաունայի տարբեր տեսակների անհետացման հիմնախնդրին:

Կենսաբազմազանությունը մոլորակի վրա կյանքի տարբեր տեսակների համակեցությունն է, որն այսօր անընդհատ կրճատվում է: Երկիր մոլորակից անհետանում են կենդանիներ, բուսատեսակներ, ինչի մեղավորն առաջին հերթին մարդն է, ավելի շուտ` նրա գործունեությունը:

Հայաստանի տեղադիրքը և ռելիեֆը նպաստել են կենսառեսուրսների հարուստ տեսականու, էնդեմիզմի բարձր մակարդակի և հարուստ ագրոկենսաբազմազանության ձևավորմանը: Մեր երկրի փոքր տարածքի վրա առկա են շուրջ 3600 տեսակի բարձրակարգ բույսեր, 550 տեսակի ողնաշարավոր և շուրջ 17000 տեսակի անողնաշար կենդանիներ: Մարդածին և բնական տարբեր գործոնների ազդեցության ներքո Հայաստանի ֆլորայի և ֆաունայի բազմաթիվ տեսակներ գնահատվում են որպես անհետացող, կրիտիկական վիճակում գտնվող կամ վտանգված: Կարմիր գրքում ընդգրկված են 452 բուսական տեսակ /ընդհանուր ֆլորայի 12, 5%-ը/ և ֆաունայի 308 տեսակ ( մոտ 2%), որոնց վիճակը առավել տագնապալի է:

Հայտնի է, որ ներկայում Հայաստանի գրեթե բոլոր էկոհամակարգերը ենթարկվում են մարդածին ազդեցության, որի հետևանքներն առավել զգալի են անտառային, կիսաանապատային, տափաստանային էկոհամակարգերի, ինչպես նաև Սևանա լճի եզակի և յուրահատուկ ջրային էկոհամակարգի վրա:

Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ Հայաստանում կենսաբազմազանության պահպանության և կենսառեսուրսների կառավարման բնագավառում իրականացված և իրականացվող միջոցառումները նպատակաուղղված են բուսական և կենդանական աշխարհի պահպանության և կայուն օգտագործման բարելավմանը, ինչպես նաև դրանց կառավարման համակարգի կատարելագործմանը, բնության հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծմանը, բնագավառի գիտահետազոտական ուսումնասիրությունների ընդլայնմանը, բնական պաշարների կայուն օգտագործման ուղղությամբ հզորությունների զարգացմանը:

Կենսաբազմազանության պահպանության խնդրի լուծումը պահանջում է հասարակության բոլոր շերտերի մասնակցություն: Տեսակների անհետացումն անդառնալի ընթացք է, և, հաշվի առնելով մեր կախվածությունը հացազգի, դեղատու բույսերից և այլ կենսաբանական ռեսուրսներից, վտանգում է մեր բարեկեցությունը:

Մարդը բնության հարուստ բազմազանության մի մասն է կազմում և ունենալով անսահման իշխանություն՝ ի զորու է պահպանելու կամ ոչնչացնելու այն: Մենք բնության անբաժան բաղադրիչն ենք, և մեր ճակատագիրը սերտորեն կապված է ողջ աշխարհի կենսաբազմազանության և շրջակա միջավայրի հետ:

Ի վերջո, որոշիչ խոսքը մնում է մարդուն, որի կողմից արված նույնիսկ ամենափոքր քայլը բնապահպանական ոլորտում դառնում է ազդեցության հզոր գործիքի բաղադրիչ մաս:

Այսօր ես կոչ եմ անում մեր վարքագիծը և մտածելակերպն այնպես կառուցել, որ արժևորվի կենսաբանական տեսակների և նրանց ապրելավայրերի իրական արժեքը: Եկե՛ք մեր կյանքի ուղեկիցը դարձնենք այն աքսիոմը, որի խորհուրդն է. «Կենսաբազմազանությունը կյանք է՝ մեր կյանքն է»:

ՀՀ բնապահպանության նախարար    
 Արամայիս Գրիգորյան

<
>