Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 22-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը իրականացնելու է մի շարք միջոցառումներ

21-05-2014

Կենսաբազմազանության միջազգային օրը նշվում է 2001 թվականից` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Օրվա հիմնական խորհուրդն է մարդկանց ուշադրությունը հրավիրել մոլորակի ֆլորայի եւ ֆաունայի տարբեր ներկայացուցիչների անհետացման հիմնախնդրի վրա:

Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ.

ՀՀ ԲՆ Հայաստանի բնության պետական թանգարանում «WWF-Հայաստան»-ը կներկայացնի Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում լուսանկարված կենդանիների նկարների ցուցահանդես և կանցկացնի “Արջի վերադարձը բնություն” վերնագրով ֆիլմի դիտում/ք. Երևան, Ժամը 11:00/

Ռամսարի կոնվենցիայի հայաստանյան ներկայացուցիչները Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում կցուցադրեն “Մեծ թռիչք” ֆիլմը: Միջոցառմանը ՀՀ ԲՆ կենսաբազմազանության քաղաքականության բաժնի աշխատակիցները բաց դաս կանցկացնեն Հայաստանի կենսաբազմազանության պահպանման թեմայով /ք. Երևան, ժամը 13:00, Մ.Սեբաստացու անվան կրթահամալիր/:

“Peoplemeter” մամուլի ակումբում Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը և ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը կհանդիպեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Թեման՝ “Կլիմայի փոփոխության խնդիրների լուծման էկոհամակարգային մոտեցումը”: Կցուցադրվի “Ախուրյան գետի վերին հոսանքի հին հունի ջրաճահճային տարածքի էկոհամակարգի վերականգնում” /15 րոպ/ տեսաֆիլմը /ք. Երևան 22.05.2014թ Ժամը 12:00, «Երևան» հյուրանոց/:

“Խոսրովի անտառ” պետական արգելոցում նախատեսվում է հանդիպում Վեդի քաղաքի և հարակից համայնքների դպրոցների 8-10-րդ դասարանների աշակերտների հետ, որի ընթացքում աշակերտներին կծանոթացնեն “Խոսրովի անտառ” պետական արգելոցի կենսաբազմազանությանը / ք.Վեդի/:

“Սևան” ազգային պարկի այցելուների կենտրոնում կանցկացվի “Ծառ տնկիր”, “Կարինի տնկարան”, “Ագահության մոլուցք”, “Սևան լույսի թևեր” ֆիլմերի դիտում:

“Դիլիջան” ազգային պարկի գիտական բաժնի աշխատակիցները կհանդիպեն Դիլիջան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի 9-րդ, 10-րդ դասարանների աշակերտների հետ: Աշակերտներին կմատուցվի ազգային պարկի կենսաբազմազանության վերաբերյալ տեղեկատվություն / ք.Դիլիջան/:

<
>