Տեղի է ունեցել Հայաստանում աղտոտման համալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման ծրագրի շահագրգիռ կողմերի հանդիպումը

21-05-2014

Այսօր տեղի է ունեցել Հայաստանում աղտոտման համալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման ինստիտուցիոնալ շրջանակի վերաբերյալ շահագրգիռ կողմերի հանդիպումը: Բացման խոսքում ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը շնորհակալություն հայտնելով Հայաստանին տրամադրվող նման աջակցության համար՝ նկատել է, որ ծրագրով նախատեսվող բնապահպանական համալիր թույլտվությունների տրման համակարգի ներդրումը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Իր ներածական խոսքում Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը հայտարարել է, որ եվրամիության երկրները պատրաստ են աջակցել Հայաստանի Հանրապետության նախաձեռնած բնապահպանական ցանկացած ծրագրի կյանքի կոչմանը:

Ծրագրով, որի բյուջեն 1 մլն եվրո է/տևողությունը` 24 ամիս/, այս փուլում իրականացված աշխատանքները ներկայացրել է գլխավոր տնօրեն Էդգար Ֆրեոնդը: «Աղտոտման հա¬մալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» AM10/ENP-PCA/EN/06 թվինինգ ծրագրի իրականացումը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներքո և Եվրոպական Միության օժանդակությամբ, սկսվել է 2013 թվականի հունվարի 15-ին:

 

Ծրագիրն ունի չորս բաղադրիչ՝ շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելում, համալիր թույլտվությունների տրամադրում, բնապահպանական հսկողության ու վերահսկողության իրականացում, մոնիթորինգի իրականացում ու վիճակի գնահատում և տեղեկատվական հոսքերի կառավարում: Դրանց լուծման նպատակով կատարվելիք հիմնական քայլերն են՝ օրենսդրական բարեփոխումների անցկացում, ինստիտուցիոնալ հարցերի կարգավորում, հզորությունների ամրապնդում (ուսուցում, վերապատրաստում, փորձի փոխանակում և այլն), և երկու փորձնական ծրագրերի իրականացում:

Շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի առկայությունը կապահովի էկոհամակարգային սկզբունքների կիրառմամբ և կառավարման նոր գործիքների ու ընթացակարգերի ներդրմամբ բարեփոխել բնապահպանության ոլորտի կառավարման համակարգը` հնարավորինս կրճատելով վարչարարությունը, որի դեպքում կթեթևանա թե կառավարման մարմինների, և թե տնտեսավարող սուբյեկտների բեռը: Կողմերի հանդիպմանը ծավալվել է շահագրգիռ քննարկում, որի արդյունքում ուրվագծվել է գործողությունների հետագա մեխանիզմները և հստակեցվել քայլերը:

 

<
>