ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Բնության պահպանության համաշխարհային միության /IUCN/ Նիդերլանդների պատվիրակության և բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» ընկերության ներկայացուցիչներին

19-05-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Բնության պահպանության համաշխարհային միության /IUCN/ Նիդերլանդների պատվիրակության ներկայացուցիչներին՝ IUCN Նիդերլանդների կոմիտեի դրամաշնորհների ծրագրերի համակարգող Մարկ Հոխեսլախի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև Նիդերլանդների ԲՊՄՄ արտաքին կապերի մասնագետ Ջեմմա Սփանը, բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» /ՎԼԹ/ ընկերության տնօրեն Ջոն Բարթոնը, ՎԼԹ խորհրդի անդամ, «Թայմս» պարբերականի թղթակից Բարնս Սայմոնը, և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Մարկ Հոխեսլախը ներկայացրել է IUCN-ի գործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես՝ տեղեկացնելով, որ վերջերս կառույցը կատարել է շուրջ կես միլիոն եվրոյի ներդրում Իրանի հանրապետության պահպանվող տարածքներում՝ հյուրը կարևորել է IUCN-ի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները: Մ. Հոխեսլախը շնորհավորելով նորանշանակ նախարարին՝ նկատել է, որ Ա. Գրիգորյանը իր վրա է վերցրել լուրջ մարտահրավեր և իրենք պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու նրան:

Հյուրերը տեղեկացրել են, որ IUCN-ն աջակցել է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին» /FPWC/՝ 10 տարի ժամկետով վարձակալել 430 հա տարածք Արարատի մարզի Ուրցաձորի համայնքի հարակից տարածքի վտանգված կենսաբազմազանության պահպանությունն իրականացնելու համար: Կազմակերպությունը նախատեսում է նաև ծրագրեր իրականցնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, որտեղ դեռ հատուկ պահպանվող տարածքներ չկան:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտելով, որ Նախարարությունը շահագրգռված է կազմակերպության հետ համագործակցության ընդլայնման հարցում՝ խոստացել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ քննարկել IUCN-ն կազմակերպությանն անդամակցելու հարցը: Նախարարը նկատել է նաև, որ IUCN-ի կողմից կենդանիների միգրացիոն տարածքների վարձակալությունը և պահպանությունը կնպաստի ոչ միայն Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանմանը, այլ նաև համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների որոշ մասի լուծմանը, քանի որ վարձակալվող տարածքները գտնվում են համայնքային սեփականության գոտում:

Երկուստեք շնորհակալություն հայտնելով ջերմ և արդյունավետ հանդիպման համար՝ կողմերը պայմանավորվեցին խորացնել և էլ ավելի բարձր մակարդակի հասցնել համագործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության և IUCN-ի միջև:

<
>