ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է KfW բանկի տարածաշրջանային ղեկավար Լարս Օերմանին

13-05-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր  ընդունել է  KfW  բանկի տարածաշրջանային ղեկավար Լարս Օերմանին: Գերմանական բանկի ներկայացուցիչը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել Հանրապետության կարևորագույն ոլորտում ստանձնած  պատասխանատու առաքելության իրականացման մեջ:

 Լարս Օերմանը նորանշանակ նախարարին ներկայացրել է  Հայաստանի Հանրապետությունում և  տարածաշրջանում KfW բանկի իրականացրած ծրագրերը: Կարևորելով Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանման խնդիրը՝ Օերմանը տեղեկացրել է, որ Բանկը տարածաշրջանում իրականացնում է 70 մլն եվրոյի բնապահպանական ծրագրեր, որից 1/3-ը՝ Հայաստանում:

Կողմերը հատուկ անդրադարձել են «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրին, որի բյուջեն կազմում է 8.25 մլն եվրո:  Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը կարևորելով դրամաշնորհային ծրագիրը՝ հատկապես շեշտել է  այն հանգամանքը, որ 8.25 մլն եվրո դրամաշնորհից 2 մլն-ը ուղղվելու է  ՀՀ Սյունիքի  մարզում ստեղծված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի /որի մեջ ներառվել են «Արևիկ» ազգային պարկը, «Շիկահող» պետական արգելոցը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար», «Սև լիճ» պետական արգելավայրերը/ հարակից համայնքների սոցիալ- տնտեսական խնդիրների լուծմանը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով շրջափակման մեջ, անկախության այս տարիներին ստիպված օգտագործել է իր բնական ռեսուրսները: Այն վերականգնելու համար շատ կարևոր է սոցիալ տնտեսական խնդիրների լուծումը, ինչը թույլ կտա ազգաբնակչությանը զերծ մնալ համայնքներին հարակից վայրի բնության ռեսուրսները օգտագործելուց և կնպաստի հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը:

<
>