Մեկնարկել է Արարատյան հարթավայրի խորքային ջրերի խնդրի կարգավորման միջոցառումների հերթական ծրագիրը

08-04-2014

    ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացված հերթական խորհրդակցությանը նախանշվել է գործնական քայլերի գործիքակազմը, ինչը ուղղվելու է ապրիլի 3-ին ընդունած «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման կատարմանը:

   Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ձևակերպել և մինչև այս տարվա ապրիլի 1-ը  ՀՀ բնապահպանության նախարարություն ջրօգտագործման թույլտվության հայտ ներկայացրած իրավաբանական ու ֆիզիկական անձանց ներկայացնել կառավարության որոշման պահանջները ապահովող ծանուցումներ: Ըստ «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման, վերոհիշյալ սուբյեկտները պետք է ծանուցումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնեն նոր հայտեր, որոնք առանձին-առանձին քննարկվելու են ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովում և եռամսյա ժամկետում եզրակացություն է տրվելու յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ: Իսկ ջրամատակարարման փակ կամ կիսափակ համակարգի անցնողներին, ինչպես նաև ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ կառավարման համակարգի արդի սարքավորումներ ապահովող տնտեսվարողներին կտրամադրվի աջակցություն:

    Ոլորտի կարգավորման մեջ իրավասու ՀՀ բնապահպանության նախարարության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է օպերատիվ և լիարժեք կազմակերպել աշխատանքները՝ կառավարության որոշումով սահմանված ժամկետներում ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարելու համար:

<
>