Քննարկվել է ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացման և կայուն օրգանական աղտոտիչներով /ԿՕԱ/ վարակված տարածքների աղտազերծման հարցերը

04-04-2014

ՀՀ բնապահպանության նախարարությունում այսօր կայացել է «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով /ԿՕԱ/ վարակված տարածքների աղտազերծում» ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունների արդյունքները, ծախսերի գնահատականն ըստ արդյունքների և գործողությունների ընթացակարգը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իր ներածական  խոսքում նկատել է, որ խնդրի կարգավորման ուղղությամբ կատարվել է մեծ ծավալի ծրագրային աշխատանք, բայց այն դեռ բավարար չէ աշխատանքների գործնական փուլին անցնելու համար: ՀՀ ութ մարզերում ուսումնասիրվել է  78 թունաքիմիկատի պահեստ իսկ աշխատանքների առաջին փուլում առաջնայնությունը տրվելու է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծմանը:

Ծրագրի ղեկավար կոմիտեի ներկայացուցիչները իրենց զեկույցներում շեշտել են, որ  Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում ուղղակի ազդեցության էլեմենտներ չեն գրանցվել, սակայն տարածքը կայուն չէ, հետևաբար պետք է առաջնային լուծվեն տեղում առկա թունաքիմիկատների ոչնչացման և աղտազերծման աշխատանքները:

Այս նպատակով առաջարկվել է երկու սցենար:

Առաջին՝ նախատեսվում է 1050 տոննա մաքուր ԿՕԱ պեստիցիդների (1-ին կատեգորիա) ոչնչացում և 7100 տոննա բարձր խտության ԿՕԱ-ներ պարունակող  թափոնների (2-րդ կատեգորիայի ԿՕԱ-ներ պարունակող թափոնների) վնասազերծում երկրի ներսում և ցածր խտության ԿՕԱ-ներ պարունակող  թափոնների (3-րդ կատեգորիայի ԿՕԱ-ներ պարունակող թափոնների) պարփակում Նուբարաշենում: Այս նպատակով նախատեսվում է ներգրավել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և ՀՀ պետական ֆինանսական միջոցները:

Երկրորդ տարբերակով նախատեսվում է1050 տոննա մաքուր ԿՕԱ պեստիցիդների (1-ին կատեգորիայի ԿՕԱ-ներ պարունակող թափոնների)  արտահանում և ոչնչացում այլ երկրում,  7100 տոննա բարձր խտության ԿՕԱ-ներ պարունակող  թափոնների (2-րդ կատեգորիայի ԿՕԱ-ներ պարունակող թափոնների) վնասազերծում երկրի ներսում և ցածր խտության ԿՕԱ-ներ պարունակող  թափոնների (3-րդ կատեգորիայի ԿՕԱ-ներ պարունակող թափոնների) պարփակում Նուբարաշենում:

ՀՀ բնապահպանության նախարար, Ծրագրի ղեկավար կոմիտեի համանախագահ Արամ Հարությունյանը լսելով ներկայացված տարբերակները՝ առաջարկել է դիտարկել և գնահատել ծրագրի իրագործման բոլոր ռիսկերը և ներկայացնել խնդրի կարգավորման հստակ երաշխավորված փուլային տարբերակ:

          Աշխատանքային քննարկման արդյունքում նախանշվեցին աշխատանքների հաջորդ փուլի հիմնական սկզբունքները և Ղեկավար կոմիտեի հաջորդ հանդիպման օրակարգը:

<
>