Հայ ձկնաբույծները պատրաստ են մեկ լիտր ջրով աճեցնել 300 կգ ձուկ՝ այդ կերպ 50 տոկոսով կրճատելով Արարատյան արտեզյան համակարգից վերցվող ջրի քանակը

21-03-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է «Հայ ձկնաբույծների միավորում» հ/կ-ի մի խումբ ձկնաբույծների, ովքեր ընդունելության խնդրանքով դիմել էին նախարարին՝ իրենց հուզող մի շարք հարցեր քննարկելու և պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Հանդիպմանը ներկա գտնվող «Հայ ձկնաբույծների միավորում» հ/կ-ի նախագահ Արմեն Բունիաթյանը կազմակերպությունում ընդգրկված 60 ձկնաբույծների անունից նախարար Արամ Հարությունյանին հայտնել է ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ իրենց մոտեցումները և առաջարկությունները: Մասնավորապես՝ ներկայացրել է առաջարկ, ըստ որի իրենք պատրաստ են մեկ լիտր ջրով աճեցնել 300 կգ ձուկ՝ այդ կերպ 50 տոկոսով կրճատելով Արարատյան արտեզյան համակարգից վերցվող ջրի քանակը:

Ողջունելով ձկնաբույծների առաջարկը՝ բնապահպանության նախարարը հայտնել է, որ պետության կողմից միավոր ձկան արտադրման համար ջրօգտագործման նորմեր սահմանելը էական քայլ կլինի Արարատյան հարթավայրի խորքային ջրերն խնայողաբար օգտագործելու ուղղությամբ, ինչի համար անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Ձկնաբույծները նախարարին են փոխանցել իրենց գործունեության հետ կապված որոշ մտահոգություններ, մասնավորապես՝ ջրօգտագործման թույլտվությունների, ձկնաբուծական գործունեություն ծավալելու հավասար պայմանների և ձկնաբուծությամբ զբաղվելու համար լիցենզիաներ տալու՝ գործադիրի նախաձեռնության վերաբերյալ:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը անդրադառնալով բարձրացված հարցերին՝ հավաստիացրել է, որ Նախարարությունը իր լիազորությունների սահմաններում օժանդակում է ձկնաբույծներին, բայց ակնկալում է նաև վերջիններիս աջակցությունն ապօրինի խորքային հորերի լուծարման հարցում, քանի որ արտեզյան ջրերի ռացիոնալ օգտագործումից է կախված հենց այդ ձկնաբուծական տնտեսությունների երկարաժամկետ աշխատանքը: Ջրօգտագործման թույլտվությունների խնդրի վերաբերյալ Արամ Հարությունյանը հայտնել է, որ անհատական աշխատանք է տարվում յուրաքանչյուր դիմումատուի հետ, իսկ ջրօգտագործման թույլատվության ուշացման պատճառը բացառապես ջրօգտագործողների կողմից համապատասխան կարգերով նախատեսված պահանջների չկատարելն է:

Կողմերը եկել են այն եզրահանգման, որ պետական լիազոր մարմնի և տնտեսվարողների գործողությունների մեկտեղման շնորհիվ է միայն հնարավոր գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու համար առաջարկել են ոլորտին առնչվող բոլոր գերատեսչությունների հետ համատեղ հանդիպումներ կազմակերպել:

<
>