ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնապահպանական դեպարտամենտի տնօրեն Մարկո Կայներին

18-03-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնապահպանական դեպարտամենտի տնօրեն Մարկո Կայների գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են  ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներքո ստորագրված բնապահպանական կոնվենցիաների և արձանագրությունների իրականացման ընթացքը, առկա խնդիրներն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Մարկո Կայները գոհունակությամբ նկատել է, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի նվազագույն ջանքերով մեծ քայլեր անել ՄԱԿ-ի հովանու ներքո տարվող բնապահպանական գործընթացներում, քանի որ ոլորտում կատարած աշխատանքների ծավալով բարձր մակարդակի վրա է գտնվում և ՄԱԿ-ի հիմնական պատվիրատու երկրներից է: Այն բարենպաստ պայմաններ է ստեղծում բազմակողմանի համագործակցության մեջ Հայասանի ներգրավվածության ընդլայնման համար:

Երկուստեք կարևորվել է Ջրային կոնվենցիային Հայաստանի Հանրապետության միանալը, ինչին մեծապես կխթանի ՀՀ-ի կողմից «Ջուր և առողջություն» արձանագրության վավերացումը: Հայաստանի ջրային հնարավորությունները գնահատելով շատ մեծ և մեր համար կարևոր՝ Արամ Հարությունյանը շեշտել է, որ Ջրային կոնվենցիային միանալը լայն հնարավորություն կընձեռի պետության ջրային ռեսուրսների  պահպանման և արդյունավետ օգտագործման համար:

Նախարար Արամ Հարությունյանը հայտնել է, որ հանդիպումների և քննարկումների արդյունքում կկազմվի համապատասխան արձանագրություն, խնդիրներն ու ծրագրերը կդասակարգվեն և անհրաժեշտության դեպքում կստեղծվի աշխատանքային խումբ՝ գործընթացները համակարգելու և աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար:

Այնուհետև Մարկո Կայները և ՄԱԿ ԵՏՀ փորձագետ Անտոնի Նունիշը հանդիպել են Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ ԵՏՀ-ի բնապահպանական կոնվենցիաների ազգային համակարգողներին: Քննարկվել են «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության անդրսահմանային գնահատման», «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» և Օրհուսի կոնվենցիաներով տարվող աշխատանքների ընթացքը և հեռանկարային ծրագրերը: Անտոնի Նունիշն ազգային համակարգողներին ներկայացրել է բնապահպանական գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ ակնարկ:

   

 

<
>