Հրազդան-Արաքսյան ջրանցքի Երասխավանի հին ձախակողմյան ճյուղավորման ուղղությամբ հայտնաբերված ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվողներին օրինական գործունեության դաշտ մտնելու հնարավորություն ընձեռվեց

07-03-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է  փետրվարի 20-ին  նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից  Հրազդան-Արաքսյան ջրանցքի Երասխավանի հին ձախակողմյան ճյուղավորման հոսքը թեստային նպատակներով մի քանի ժամով անջատելու արդյունքում հայտնաբերված տասնվեց ապօրինի գործող  ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարներին:

    Վերջիններս ջրանցքի վերոհիշյալ ուղղությամբ սեփական նախաձեռնությանբ, առանց ջրօգտագործման թույլտվության  տնտեսական գործունեություն էին ծավալել: Նախարարի հետ հանդիպմանը հրավիրվել էին նաև այդ ուղղությամբ գրանցված գործունեություն իրականացնող, սակայն համապատասխան ջրօգտագործման թույլտվություն չունեցող ևս ևս ընկերության ներկայացուցիչ:

   Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տնտեսվարողներին տեղեկացրել է, որ նախարարությունը հնարավորություն է ընձեռում արագացված և պարզեցված ընթացակարգով նրանց փաստացի ջրօգտագործումը բերել օրինական դաշտ  և ձևակերպել մակերևութային ջրերի օգտագործման թույլտվություններ:  Նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարվել է հենց տեղում ձկնաբույծներին ծանոթացնել ջրօգտագործման թույլտվություն ստանալու կարգին և պահանջվող փաստաթղթերին, որպեսզի տնտեսվարողները արդեն երկուշաբթի օրը ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը:

   Պատասխանելով ձկնաբույծներին հուզող հարցերին՝ Արամ Հարությունյանը շեշտել է, որ Նախարարությունը բոլոր հնարավոր միջոցներով ընդառաջելու է ոչ խորքային ջրային պաշարներից օգտվող տնտեսվարողներին, հատկապես  ջանցքի այդ հատվածում գործունեություն ծավալողներին, քանի որ վերոհիշյալ ճյուղից անհամեմատ մեծ քանակությամբ ջուր է առանց օգտագործման վերջին հաշվով թափվում Արաքս գետ:

   Նախարարի հետ հանդիպումից հետ ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում ձկնաբույծների համար կազմակերպվել է խորհրդատվական-ճանաչողական հանդիպում ոլորտի մասնագետների հետ:

<
>