ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ ամսում Արարատի և Արմավիրի մարզերում լուծարել և կոնսերվացրել է 25 ապօրինի խորքային հոր

16-12-2013

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման աշխատանքները համակարգող հանձնաժողովի, խորքային հորերի ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների շուրջ ստեղծված իրավիճակը ուսումնասիրող աշխատանքային խմբի իրականացրած ստուգայցերին, ուսումնասիրություններին և գործնական քայլերի անցման նախապատրաստական փուլին հաջորդել են, ըստ նախօրոք հաստատված ժամանակացույցի, ապօրինի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքները:    Բնապահպանության նախարարությունը վերջին մեկ ամսում Արարատի և Արմավիրի մարզերում լուծարել է 515լ/վ գումարային ծախսով 12 խորքային հոր և կոնսերվացրել 280 լ/վ գումարային ծախսով 13 հորատանցք: Լուծարվել են «Մխչյան ֆիշ», «Ալեքս գրիգ», «Էմի ֆիշ», «Ռոյալ պարադիզ», «Ակվատեխ ավտոմատիկա» ընկերությունների և մի շարք այլ անհատ ձեռներեցների ձկնաբուծարաններում առկա ապօրինի խորքային հորերը: 

ՀՀ բնապահպանության նախարարությունը համատեղ աշխատանքներ է տարել նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ՝ Արարատյան հարթավայրում գտնվող և ընկերությանը պատկանող խորքային հորերի հետագա շահագործման նպատակահարմարությունը ճշտելու նպատակով: Ըստ նախնական գնահատման, ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ընկերությանը պատկանող 20 խորքային հոր ենթակա է լուծարման և կոնսերվացման: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն այդ աշխատանքները իրականացնելու նպատակով 2014թ.-ի ծախսային ծրագրերի մասով նախատեսել է ֆինանսական հատկացումներ: ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում շարունակվում է ապօրինի խորքային հորերի լուծարման գործընթացը:

 

<
>