ՀՀ բնապահպանության նախարարի աշխատանքային այցը Արարատի մարզ

01-11-2013

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 1-ին Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ծանոթացել է Հովտաշատ համայնքի տարածքում գտնվող ինքնաշատրվանող խորքային հորի փակման և կոնսերվացման աշխատանքների ընթացքին: Կոնսերվացում իրականացնող կազմակերպության աշխատակիցները և ՀՀ ԲՆ համապատասխան ստորաբաժանումների մասնագետները ներկայացրել են փակվող հորատանցքի տեխնիկական տվյալները և տարվող աշխատանքների առանձնահատկությունները: Հորի կոնսերվացումն իրականացվում էր Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման և լուծման նպատակով նախարար Արամ Հարությունյանի հրամանով նախատեսված միջոցառումների ծրագրի շրջանակներում:

Այնուհետև Արարատի մարզպետարանում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ՏԿ փոխնախարար Արտաշես Բախշյանը և ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանը շահագրգիռ համայնքների ղեկավարների և ձկնաբուծարանների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցություն են անցկացրել՝ ջրօգտագործման և ապօրինի խորքային հորերի թեմայով:

Նախարարը նկատել է, որ Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են երկարաժամկետ համալիր ուսումնասիրման և գույքագրման աշխատանքներ, արձանագրվել են լուրջ խնդիրներ և անհրաժեշտություն է առաջացել այն ներկայացնել համայնքների ղեկավարներին, ձկնաբուծարանների ներկայացուցիչներին և հանրությանը: Իրականացվող համալիր ծրագրի բուն նպատակն է Արարատյան դաշտավայրում օգտագործվող ջրերի պաշարները բերել և հասցնել վերականգնվողական ռեժիմի մակարդակի: Ըստ նախարարի, օրինաչափ և արդար է, որ այդ աշխատանքները սկսվեն անօրինական հորերի կոնսերվացումներով: «Մենք այստեղ ենք, որպեսզի համայնքի ղեկավարների և ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչների մոտ եղած հարցերին պատասխանենք, համապատասխան պարզաբանումներ տանք, որպեսզի այս աշխատանքները համատեղ իրականացնենք և ցանկալի արդյունքներ ունենանք»,- նշել է Արամ Հարությունյանը: Նախարարը տեղեկացրել է, որ գույքագրվել է լուծարման ենթակա անօրինական շուրջ 562 ինքնաշատրվանող խորքային հոր: Լուծարման ծրագիրն իրականացնելու համար պետական բյուջեից միջոցներ են նախատեսված և այն իրագործելու հարցում պատասխանատու գերատեսչությունը հետևողական և հաստատակամ է լինելու: Աշխատանքների առաջին փուլում համայնքներին, ձկնային տնտեսություններին, գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղվողներին առաջարկվել է իրենց մոտ առկա անօրինական, ինքնակամ հորատած հորերն առաջին հերթին բերել փականային ռեժիմի, այնուհետև իրականացնել լուծարման և կոնսերվացման աշխատանքներ: Եթե այն չարվի կամավոր սկզբունքով, ապա իրականացվելու են անօրինական հորերի պարտադիր լուծարման և կոնսերվացման աշխատանքներ՝ հետագայում տվյալ տնտեսվարողներից այդ գումարները՝ նաև դատական կարգով գանձելու միջոցով:

 Նախարարը տեղեկացրել է, որ ոլորտի խնդիրները լուծելու համար իրականացվում է նաև համալիր օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունման աշխատանքներ:

<
>