Հրդեհը հանգցվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների համատեղ ջանքերով

09-09-2013

Սեպտեմբերի 7-ին, ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ անտառ» պարկի տարածքում հրդեհ էր բռնկվել: Հրդեհավտանգ ժամանակահատվածում «Ջրվեժ անտառ» պարկի անձնակազմը ուժեղացված հսկողություն էր իրականացրել նաև հանգստյան օրերին, ինչի շնորհիվ հրդեհի բռնկումը հաջողվել էր ժամանակին արձանագրել: Պարկի և դեպքի վայր ժամանած ՀՀ ԲՆ աշխատակազմի աշխատակիցները փորձել են սեփական միջոցներով՝ ջրցան մեքենաներով հանգցնել հրդեհը: Հրդեհի շեջմանը աշխատանքների ավարտին խոչընդոտել է բարձրացած ուժեղ քամին: «Ջրվեժ անտառ» պարկի տնօրինությունը անմիջապես ահազանգել է ՀՀ ԱԻՆ Երևանի և Կոտայքի փրկարար ծառայությունների ստորաբաժանումներին: Դեպքի վայր են ժամանել մի քանի մարտական հաշվարկներ: Տեղանքի բարդ ռելեֆը և քամին խոչընդոտել են հրդեհի մարման աշխատանքները: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել և հանգցնել երեկոյան 20.00-ի սահմաններում: Այրվել է 8 հեկտար տարածք: Կատարվում են հրդեհի պատճառների բացահայտման աշխատանքներ և հաշվարկվում են շրջակա միջավայրին հասցված վնասի չափերը:

<
>