ՀՀ բնապահպանության նախարարության արագ արձագանքման աշխատանքային խմբի բացահայտումները

22-08-2013

Ապօրինի ծառահատումների, բնափայտի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության, հողի բերրի շերտի վնասումը կանխարգելելու, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող և դրանց հարող տարածքներում  պատահական ստուգումներ իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի անցկացրած նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպք: «Զիլ- 130» մակնիշի 16 LO 321, 33 PO 988, 060 SO 71, պետհամարանիշների և «Կամազ»  մակնիշի 62 SL 210 պետհամարանիշի մեքենաներից առգրավվել է ընդհանուր հաշվարկներով 12 խորանարդ մետր փայտանյութ: Կազմվել են համապատասխան արձանագրությունները:

    Արագ արձագանքման խումբը պատահական ստուգումներ է իրականացրել նաև Լոռու և Գեղարքունիքի մարզերում գործող երեք փոքր ՀԷԿ-երում: Լոռու մարզում գտնվող «Տիրակալ» ՍՊԸ-ին պատկանող «Կուրթան» փոքր հիդրոէլեկտրակայանի ջրընդունիչ կայանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կայանից ջրի էկոլոգիական թողքը սահմանված նորմերից անհամեմատ ցածր է եղել:  Իսկ Գեղարքունիքի մարզի «Գրիար» փհէկ-ի ջրընդունիչ կայանի ուսումնասիրություններից պարզվել է, որ  Գետիկ գետի վրա կառուցված կայանում էկոլոգիական թողքը գրեթե հասցված է 0-ի, ինչը բնապահպանական օրենսդրության և նորմատիվների կոպիտ խախտում է: Նույնանման ուսումնասիրություն  է իրականացվել նաև Գեղարքունիքի մարզի «Էրիկ» ՓՀԷԿ-ում:

Բոլոր դեպքերով կազմվել են  արձանագրություններ  և սահմանված կարգով կկիրառվեն վարչական տույժեր:

 

<
>