ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանը «Դանդի փրեշս մեթլս կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հայտարարությանը

20-08-2013

     «Դանդի փրեշս մեթլս կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողների հետհանդիպման ժամանակ  հնչեցրել էր անհիմն և ոչ կոռեկտ դատողություններ ՀՀ բնապահպանության նախարարության հասցեին: Մասնավորապես՝ հռետորական հարցադրում էր արվել, թե ինչու է  ՀՀ բնապահպանության նախարարությունը ստուգումներ անցկացնում ԴՓՄԿ ընկերությունում: Նկատենք, որ Նախարարությունը վերոհիշյալ ընկերությունում  ստուգումներ էր իրականացրել 2010 թվականին: Վերջին ամիսներին ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական և իրավապաշտպան հասարակական կազմակերպություններից ստացել էր բազմաթիվ հարցումներ, որոնցում հեղինակները խնդրել էին պարզաբանումներ տալ «Դանդի փրեշս մեթլս կապան» ՓԲ ընկերության՝ բնապահպանական խնդիրներին առնչվող  գործունեության վերաբերյալ: Վերջին գրությունները վերաբերում էին Սյունիքի մարզի Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում 10 կմ-ից ավելի անկանոն ճանապարհների և հարթակների կառուցմանը: 2013 թ. օգոստոսի 2-ին Բնապահպանական պետական տեսչությանը տրվել է սույն ընկերությունում ստուգումներ անցկացնելու հանձնարարական:

     ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները իրենց մասնագիտական աշխատանքները տանում են օրենքի սահմաններում, որևէ գործողություններով չեն միջամտում ընկերության ընթացիկ աշխատանքներին, դեռ չի ամփոփվել ստուգումների արդյունքները, հետևաբար տարօրինակ է ԴՓՄԿ ընկերության տնօրենի հրապարակային բողոքը, որը, ըստ էության, հասարակության ուշադրությունը բուն բնապահպանական խնդիրներից շեղելու նպատակ է հետապնդում:

    ՀՀ բնապահպանության նախարարության գործունեությունը միտված է միայն մեկ նպատակի՝ հետևել բնապահպանական սահմանված պահանջների նկատմամաբ ընկերության ստանձնած պարտավորությունների կատարմանը: Հետևաբար, ՀՀ բնապահպանության նախարարությունը ոլորտում գործունեություն ծավալած ընկերություններից ակնկալում է առարկայական և կառուցողական փոխգործակցություն՝ զերծ էմոցիոնալ և ենթակայական մոտեցումներից: 

<
>