ՀՀ Բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ Արարատի մարզի Դալար համայնքի տարածքում ձկների զանգվածային ոչնչացման դեպքի առիթով

16-07-2013

Սույն թվականի հուլիսի 15-ին էլեկտրոնային լրատվամիջոցներում լուր էր տարածվել, որ Արարատի մարզի Դալար համայնքի տարածքով անցնող ջրանցքում արձանագրվել է  ձկների զանգվածային ոչնչացման դեպք: Վերոհիշյալ տեղեկատվության հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունում բացվել էր թեժ գիծ և Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել՝ ուսումնասիրել մամուլում տարածված ահազանգը:

 ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ուսումնասիրության արդյունքում Դալար համայնքի վարչական  տարածքի մակերևութային ջրերում հայտնաբերել և արձանագրել են ձկների զանգվածային ոչնչացման փաստ:

 «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի և  ՀՀ քրեական օրենսգրքի 287, 292 և 293 հոդվածների համապատասխան, որպես հանցագործության  հատկանիշներ պարունակող դեպք, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը դիմել է ՀՀ ոստիկանություն: Տեսչության տարածքային բաժնի անալիտիկ լաբորատորիաների աշխատակիցները  իրականացրել են վերոհիշյալ համայնքի մակերևութային ջրերի նմուշառում, ինչպես նաև հետազոտման համար վերցրել են սատկած ձկների նմուշներ:  Լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին ՀՀ բնապահպանության նախարարությունը կտեղեկացնի լրացուցիչ:

<
>