Արամ Հարությունյան. «Բնապահպանական մտածելակերպի փոփոխության, ավանդույթների պահպանման առումով անելիքներ ունենք»

05-06-2013

ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր Երևանի բուսաբանական այգում Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպել էր միջոցառումների շարք, որոնց մասնակցել են պետական և հասարակական կառույցների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Բնապահպանի օրվա տոնակատարությունների շրջանակներում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոն ստորագրել են <<Տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով անտառների և արոտավայրերի կայուն կառավարում Հայաստանում>> ծրագրի 1,2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային պայմանագիր:

Արամ Հարությունյանն ընդգծել է, որ ծրագրի նպատակը բնական ռեսուրսների կառավարման կայուն, շրջակա միջավայրի համար անվնաս աշխատատեղանակների որդեգրումն է՝ Հայաստանի լեռնային էկոհամակարգերի վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների ներքո, որպեսզի հնարավոր լինի ապահովել էկոհամակարգերի ամբողջականությունը և դրանց հետ կապված ծառայությունների շարունակական մատակարարումը, ներառյալ՝ ածխածնի կլանումը և պահեստավորումը: Ծրագրային միջամտություն իրականացնելու նպատակով ընտրվել է Գեղարքունիքի մարզը, իսկ թիրախային շրջանը՝ Վարդենիսը:

Բնապահպանության մասնագիտական տոնի առիթով ներկաներին շնորհավորել է նաև ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոն, որը ներկաների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել է բնապահպանական խնդիրների համամարդկային նշանակության վրա: ՄԱԿ-ի մշտական համակարգողը բարձր է գնահատել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ բնապահպանության նախարարության հետ համագործակցության մակարդակը և համոզմունք հայտնել, որ այն արդյունավետորեն կշարունակվի նաև հետագայում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձով ազդարավել է տոնական միջոցառումների մեկնարկը: Ողջունելով ներկաներին` նախարար Արամ Հարությունյանը շնորհավորել է բնապահպանի օրվա առիթով և շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր ջանք չեն խնայել շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում էական փոփոխությունների հասնելու համար: Նկատելով, որ Հայաստանի Հանրապետությունը հունիսի 5-ը սկսել է նշել 2004թ. որպես Բնապահպանի օր՝ Արամ Հարությունյանն ընդգծել է, որ այն հերթական հնարավորությունն է հասարակության ուշադրությունը սևեռելու բնապահպանական խնդիրների վրա:<<Մենք բոլորս անելիք ունենք: Անելիք ունենք մտածելակերպի փոփոխության, ավանդույթների պահպանման առումով: Պետք է հաշվի առնվի Հայաստանում և տարբեր երկրներում ձևավորված բնապահպանական ավանդույթները և էկոլոգիական կրթության և դաստիարակության առանձնահատկությունները>>,- ասել է Արամ Հարությունյանը:

Բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գիտակցում են հայրենի բնության պահպանման հարցում իրենց պատասխանատվությունը և արած գործերով օրինակ են ծառայում մյուսներին՝ այս պատասխանատու ոլորտում անձնական ներդրումներ ունենալու համար: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էին բնապահպանական տաղավարների, մանկական ստեղծագործական աշխատանքների ցուցադրություններ: Ներկաները նախարարի գլխավորությամբ, հեծանվային շրջայց կազմակերպել այգու տարածքում:

Բնապահպանական խնդիրների շուրջ միաջազգային գործընթացների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:

<
>