Արամ Հարությունյանը մասնակցել է ծառատունկի

02-05-2013

ՀՀ Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն մայիսի 1-ին աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ մասնակցել են ՙԴիլիջան՚ ազգային պարկում կազմակերպված ծառատունկին: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի բնապահապանության նախարարության, Դիլիջանի միջազգային դպրոցի համատեղ ջանքերով՝ ՙՊարզ լիճ՚ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին հարակից 1 հա տարածքում: Ծառատունկի ընթացքում տնկվել է ավելի քան 1500 լորենի և հացենի:

Արամ Հարությունյանը շնորհավորելով բոլոր աշխատավորներին՝ մայիսմեկյան տոնի առիթով նշել է. ՙԱյս օրը խորհրդանշական է, քանի որ հենց մայիսի մեկին ենք ծառ տնկում՚: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, ծառերը կդառնան անտառի մի մասը՝ հետևողական աշխատանքի շնորհիվ: «Դիլիջանի կլիման թույլ է տալիս, որպեսզի բարձր կպչողականություն ապահովվի, իսկ պարկի աշխատակիցները կանեն ամեն ինչ տնկիները խնամելու համար»,- ասել է Հարությունյանը:

Միջոցառմանը մասնակցել են Բնապահպանության նախարարության, Տավուշի մարզպետարանի, ՙԴիլիջան՚ ազգային պարկի աշխատակիցները և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

33765 հա տարածք զբաղեցնող «Դիլիջան» ազգային պարկը ստեղծվել է 2002 թ.։ Ստեղծման հիմնական նպատակը Աղստև և Գետիկ գետերի ավազանների ջրային ու ցամաքային էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության և պատմաճարտարապետական հուշարձանների պահպանության ապահովումն է։

<
>