ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցը ներկայացվել է եվրոպական դիպլոմի

04-04-2013

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցը նախարարության կողմից ներկայացվել է եվրոպական դիպլոմի: Այդ ուղղությամբ աշխատանքներն սկսվել են դեռևս 2011 թվականին` նախարարության ՙԲնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ՚ ՊՀ-ի կողմից իրականացված ՙԲնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող պոտենցիալ տարածքների նույնականացման ծրագրի իրականացում` ՙԷմերալդ ցանցը՚ Հայաստանում՚ ծրագրի շրջանակներում:

Նշված ծրագիրը ֆինանսավորվել է Եվրախորհրդի կողմից` որպես ՙԲեռնի կոնվենցիայի՚ գործողություն: Ծրագրի թիրախային նպատակներից է եղել նաև Հայաստանի որևէ պահպանվող տարածքի միջազգային գնահատումը և, համապատասխանելիությունը ապահովելու դեպքում, նաև կարգավիճակի ներկայացումը: Որպես այդպիսին նախարարության կողմից ընտրվել էՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցը:

Այդ նպատակով 2011թ. նոյեմբերի ամսին ՙԲԾԻԳ՚ ՊՀ-ի կողմից կոնվենցիայի քարտուղարությանն է ներկայացրել Հայաստանի հայտը` ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի առաջադրման վերաբերյալ:

2012 թվականի փետրվարին Ստրասբուրգում կայացած Կոնվենցիայի ՙՊահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի՚ փորձագետների խմբի հանդիպման ժամանակ ներկայացվել է ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցի վերաբերյալ զեկույցն ու արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի ներկայացնելու հայտը: Հանձնաժողովը ընդունել է ազգային զեկուցը և 2012-ի ապրիլ ամսին Հայաստան է գործուղել իր անկախ փորձագետին` Հերվե Լեթյերին` ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցի առկա վիճակի և ներկայացվող հայտին համապատասխանելու վերաբերյալ անկախ գնահատում իրականացնելու և զեկույց պատրաստելու նպատակով:

Եվրախորհրդի փորձագետը ՙԽոսրովի անտառ՚ արգելոցում նախ` կազմակերպել է պահպանվող տարածքներին ներկայացվող եվրոպական չափանիշներին ու պահանջներին վերաբերող 2-օրյա աշխատանքայի սեմինար, որին մասնակցել են նախարարության, արգելոցի, ՙ ԲԾԻԳ՚ ՊՀ-ի, համայնքների և Հ/Կ-ների ներկայացուցիչներ, ապա` 3 օր ինքնուրույն, առանց մեր մասնագետների միջամտության, ուսումնասիրություններ է իրականացրել արգելոցում:

Արդյունքում` պարոն Հ. Լեթյերի կողմից նոյեմբեր ամսին ՙԲԾԻԳ՚ ՊՀ է ներկայացվել զեկույցի նախագիծը, որը 2 անգամ լրամշակվել է մեր փորձագետների կողմից, կատարվել են լրացումներ ու հավելումներ, տրամադրվել են լրացուցիչ նյութեր ու պարզաբանումներ, որից հետո այն ս/թ. մարտի 26-ին ներկայացվել է Եվրախորհրդի ՙՓորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովին՚:

Զեկույցից բխող հարցերին ու կարծիքներին պարզաբանումներ, մեկնաբանություններ, լրացուցիչ տեղեկատվություն տալու և հետագա գործողությունների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով հանձնաժողովի նիստին հրավիրվել և մասնակցում էր ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը:

Զեկույցի և զեկույցին հաջորդած քննարկման արդյունքում Եվրախորհրդի ՙՓորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովը՚ հավանություն է տվել զեկույցին և կայացրել որոշում` ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցի եվրադիպլոմի հայտը ներկայացնելու կոնվենցիայի բյուրոյի քննարկմանը:

Համաձայն Եվրախորհրդի ընթացակարգի, բյուրոյի կողմից երաշխավորվելուց հետո դիպլոմի տրամադրման որոշումը կայացնելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեն:

Դիպլոմը տրվում է մինչև 5 տարի ժամկետով, այն թարգմանվում է Եվրախորհրդի աշխատանքային 2 լեզուներով` անգլերեն և ֆրանսերեն, հանձնվում է երկրում` եվրախորհրդի ներկայացուցչի կողմից:

Պատվիրակությունն աշխատել է նաև Եվրախորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հետ, համաձայնություն է ձեռք բերվել հետագա գործողությունների իրականացման վերաբերյալ:

Այս աշխատանքներին աջակցել է ՙԱնդրսահմանային միացյալ քարտուղարությանը՚ (TJS), որը նախարարության կողմից մեծապես կարևորվում է:

<
>