Ստորագրվել է հռչակագիր բնապահպանության բնագավառում համագործակցության մասին

27-02-2013

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը փետրվարի 26-27 –ը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցի շրջանակներում Արամ Հարությունյանը փետրվարի 26-ին հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Պետեր Ալտմայերին:

Գերմանական կողմի հետ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանդիպման ավարտին ստորագրվել է համատեղ հռչակագիր ՙՀայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին՚: Դրանք վերաբերվում են շրջակա միջավայրի պահպանությանը, բնական ռեսուրսների կայուն ու էկոլոգիապես անվտանգ օգտագործմանը:

2000թ. սկսած Հայաստանի բնապահպանության նախարարությունը ծրագրեր է իրականացնում Գերմանիայի աջակցությամբ, որոնք մասնավորապես վերաբերվում են պահպանվող տարածքներին:

Նախարար Արամ Հարությունյանը կարևորել է երկկողմ սերտ համագործակցությունը:Նրա խոսքով, այս փաստաթղթի ստորագրումը ապահովում է այն ձևաչափը, որով կողմերը պետք է շարունակեն համագործակցել: ՙՀամատեղ իրականացվող ծրագերից հիշարժան են Թվինինգային ծրագրի իրականացումը, որի մեկնարկը արդեն տրվել է և կենսոլորտային տարածքի ստեղծումը Սյունիքի մարզում: Մենք գերմանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք ևս չորս ծրագրերի իրականացման ուղղությամբ՚, -նշել է Արամ Հարությունյանը:

Նշենք, որ կենսոլորտային տարածքի ստեղծման համար նախատեսված է 8 մլն 250 հազար եվրոյին համապատասխան գումար:

Հայաստանի բնապահպանության նախարարը Գերմանիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նախարար Արամ Հարությունյանը այցելել է նաև աղտոտման համալիր կանխարգելման և հսկման կազմակերպություն` ծանոթանալու լավագույն տեխնոլոգիաների և արտանետումների ու արտահոսքերի գրանցման ավտոմատ համակարգին:

<
>