ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել փորձաքննության ենթակա նախագծերի հերթական քննարկումը

25-01-2013

 

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել բնապահպանության նախարարություն ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախագծերի հերթական քննարկումը:

Մի շարք նախատեսվող գործունեությունների վերաբերյալ ներկայացվել են առկա իրավիճակը, այդ թվում հետևյալ մետաղական հանքավայրերը.

1. <<Ալյումինա Քորփորեյշն>> ՍՊԸ-ի՝ ՀՀ Կոտայքի մարզի Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրի նախագիծը վերադարձվել է ձեռնարկողին՝ լրամշակման:

2. <<Մեգո Գոլդ>> ՍՊԸ-ի՝ Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարը: Նախագծային փաստաթղթերի վերաբերյալ ստացվել են հասարակական լսման արդյունքները, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգողի դիմումը ուղղված ՀՀ վարչապետին, ՀՀ հանրային խորհրդին, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարին, որում առաջ են քաշվում մտահոգություններ գործող պոչամբարների, ինչպես նաև նախատեսվողի վերաբերյալ: Նոր պոչամբարի նախագծային փաստաթղթերը՝ կարծիքներ ստանալու նատակով արդեն տրամադրվել են ՀՀ առողջապահության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններին:

3. <<Մեղրաձոր Գոլդ>> ՍՊԸ-ի՝ Մեղրաձորում ոսկու կորզման արտադրամաս, որի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ ստացվել են հասարակական լսման արդյունքները <<ԷկոԼուր>> տեղեկատվական ՀԿ-ի նախագահի, ինչպես նաև համայնքի մի խումբ բնակիչների կարծիք-առաջարկությունները, որում լուրջ մտահոգություն է հայտնվում տվյալ տարածքում նատրիումի ցիանիդի կիրառմամբ ոսկու կորզման առնչությամբ: Կարծիք ստանալու նպատակով՝ նախագծային փաստաթղթերը արդեն տրամադրվել են ՀՀ առողջապահության նախարարությանը:

Հանձնարարվել է կատարել լուրջ ուսումնասիրություն, ինչպես փորձաքննության ներկայացված նախագծերի, այնպես էլ նախագծերի վերաբերյալ ստացված դիտողությունների ու առաջարկությունների:

 

ՀՀ բնապահպանության նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

 

<
>