Տեղի է ունեցել ՙկայուն օրգանական աղտոտիչներով վարակված տարածքների աղտազերծման՚ ղեկավար խորհրդի առաջին նիստը

22-01-2013

ՀՀ բնապահապանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՙԺամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով վարակված տարածքների աղտազերծում՚ ծրագրի ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը, որը վարում էր բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը:

Քննարկման ընթացքում հաստատվել է ղեկավար կազմը, որը բաղկացած է ՀՀ արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի գյուղատնտեսության, առողջապահության, տարածքային կառավարման, պաշտպանության նախարությունների, ՀՀ կառավարությանն առնթեր գերատեսչությունների միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բնապահպանական ծրագրերի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, գիտական հիմնարկների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Ողջունելով մասնակիցներին՝ Արամ Հարությունանը նշել է, որ այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն, բացառապես պետք է լինեն Հայաստանի կողմից ստանձնած միջազգային կոնվենցիաների շրջանակներում: Նա հայտնել է նաև, որ Հայաստանում պետք է հաշվարկվեն բոլոր թունաքիմիկատների պահեստարանները և սահմանված կարգով չեզոքացվեն:

Նախարարի խոսքով, պետք է կարճ ժամկետում ավարտել լայնածավալ ծրագրի աշխատանքների նախապատրաստական փուլը և անցնել կոնկրետ գործողությունների՝ ոչնչացմանն ու վնասազերծմանը:  ՙՄենք ունենք Ժամկետանց պեստիցիդների վերացման մի քանի տարբերակ, ծրագրի իրականացման ընթացքում կորոշվի, թե որ տարբերակն է ավելի նպատակահարմար իրականացնելու համար՚,- նշել է նախարարը: Արամ Հարությունյանը հույս է հայտնել, որ այս ծրագրով բեկում կմտնի ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացմանն ուղղված գործողություններում:

Քննարկման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանը ղեկավար կազմին ներկայացրել է ՙԺամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով վարակված տարածքների աղտազերծման՚ ծրագիրը և նշել, որ այն պետք է իրականացվի համաձայն Հայաստանի կողմից վավերացված Ստոկհոլմի և Բազելի կոնվենցիաների դրույթների:

Քննարկման ընթացքում առաջարկվել է օգտագործել նաև Հայաստանում գործող ՙՕրհուս՚ կենտրոնների ներուժը:

<
>