ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը խորհրդակցություն է անցկացրել պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ

17-01-2013

 

ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը խորհրդակցություն է անցկացրել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների ցանցավանդակային եղանակով վերականգնման պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ: 

Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2012 թվականի օգոստոս ամսից և մինչ օրս վերահսկման տակ է գտնվում սննդային կերի ազդեցությունը Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վրա:
Ծրագրի շրջանականերում համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների կողմից կատարվում են մշտադիտարկումներ, և այդ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ նորմատիվից շեղումներ մինչ օրս չեն արձանագրվել:

Խորհրդակցության ընթացքում Հայկական բերքի առաջմղման կենտրոնի(ՀԲԱԿ) գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանը նշել է, որ մշտադիտարկումների արդյունքում ցանցավանդակներում աճեցված ձկները մոտ 30-40%-ով ավելի քիչ արհեստական կերով են սնվում քան նախատեսված էր պիլոտային ծրագրի նախագծով:

 Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման պիլոտային ծրագրի նախնական արդյունքները նախատեսվում է ամփոփել 2013թ. մայիսին:

Խորհրդակցության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտադիտարկումներ իրականացնել նաև պիլոտային ծրագրի ավարտից հետո: Առաջարկվել է նաև պիլոտային ծրագիրն իրականացնող կազմակերպությանը ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել ցանցավանդակներում աճեցրած էնդեմիկ ձկնատեսակների 2013թ. Սևանա լիճ բաց թողնման քանակությունների վերաբերյալ առաջարկություն:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Նախագահին առնթեր «Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվիլինա Ղուկասյանը, և Հայկական բերքի առաջմղման կենտրոնի գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանը, ՀՀ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանը, ՙՍևան ազգային պարկ՚-ի տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանը:

<
>